Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հնարավորինս պետք է պաշտպանված լինի նաև ՀԿ-ների գործունեության ազատությունը․ Անի Սամսոնյան (տեսանյութ)

«Միավորումների ազատության ապահովումը հիմնարար նշանակություն ունի քաղհասարակության զարգացման համար։ Եվ հաշվի առնելով այն փաստը, որ միավորումները, մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունները հատուկ դերակատարում ունեն ժողովրդավարության զարգացման համար, հնարավորինս պետք է պաշտպանված լինի նաև նրանց գործունեության ազատությունը»,- Ազգային ժողովում «Հասարակական կազմակերպությանների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Պատգամավորի խոսքերով՝ ակնհայտ է, որ գաղափարի և նպատակի շուրջ միավորված մարդկանց շահերը ոչ միշտ են համընկնում կառավարողների շահերի հետ, և ՀԿ-ները պետք է քաղաքական ազդեցություններից զերծ մնան։ 

Սակայն սա, ըստ ԼՀԿ պատգամավորի, չի նշանակում, որ ՀԿ-ները պետք է թափանցիկ և հաշվետու չլինեն, որը, սակայն, չպետք է խանգարի գործունեության ազատության էությանը, և չդառնա բեռ ՀԿ-ների համար։

«Եվ այդ գործիքը, օրինակ, վերապահենք Պետական եկամուտների կոմիտեին։ Համաձայն ԵԱՀԿ ԺՄԻԳ և Վենետիկի հանձնաժողովների «Միավորումների ազատության մասին» համատեղ ուղեցույցի՝ սահմանված է հետևյալը․ «Իրավաչափ է հաշվետվողականություն և թափանցիկություն պահանջել միավորումների ձեռք բերած միջոցների մասին, այդուհանդերձ նման պահանջը չպետք է անհարկի ծանր բեռ լինի։ Եվ պետք է լինի միավորման չափին և գործունեության շրջանակին համաչափ՝ հաշվի առնելով նրա գույքի և եկամուտների ծավալը»»,- շարունակեց Անի Սամսոնյանը։

Պատգամավորն ասաց, որ եթե այս օրինագիծը նախորդ իշխանությունների ժամանակ բերվեր, բոլորն ասելու էին, որ սա իրենից ճնշում է ենթադրում ՀԿ-ների վրա։