Քրեական ենթամշակույթը ձեր աշխատակազմի մեջ է, պագոնավոր քրեական մտածելակերպի մեջ․ Սաքունցը՝ ՔԿՀ-ին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել, թե ինչո՞ւ փետրվարի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձ Վահագն Աբգարյանին ծեծի ենթարկելու մասին, Քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել միայն մարտի 2-ին։
«Այսինքն՝ ՔԿՀ-ն մեկ շաբաթում կարողացա՞վ բացահայտել, որ արտերկրում ապրող այդ «օրենքով գողը» ծեծի է ենթարկվել։ Եվ ոչ մեկ հարց չի տալիս, թե ինչպես են արտերկրից ուղղորդում, կազմակերպում գործողություն անձի նկատմամբ, ասում եմ՝ սպանության փորձ անձի նկատմամբ, որը գտնվում է ՔԿՀ-ում, և գտնվում է պետության պաշտպանության ներքո։ Այսինքն՝ այդ ՔԿՀ-ում ո՛չ ծառայող կա, ո՛չ պետ, ո՛չ հսկողություն և ո՛չ էլ ռեժիմ։ Եվ արտերկրում ապրող մարդը կարողացել է կազմակերպել, սա ուղղակի «ունիկալ է»,- լրագրողների հանդիպմանն ասաց Արթուր Սաքունցը։
Նշենք, որ ըստ ՔԿՀ հաղորդագրության՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձ, քրեական աստիճանակարգության մեջ որոշակի դիրք զբաղեցնող Վ.Ա-ն գլխի ձախակողմյան հատվածում վնասվածք, աջ բազկի շրջանում ցավեր, գլխապտույտ, գլխացավեր և սրտխառնոց գանգատներով տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հաստատություն՝ համապատասխան հետազոտություն անցնելու և բժշկական օգնություն ստանալու նպատակով։
Ըստ հաղորդագրության՝ կալանավորված անձը հայտարարել էր, թե դրանք առաջացել են փետրվարի լույս 25-ի գիշերը իր խցի սանհանգույցից դուրս գալու ընթացքում անզգուշությամբ սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով:
Մինչդեռ, իրական հանգամանքները պարզելու համար քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնում ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, որոնց ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ կալանավորված անձը մարմնական վնասվածքներն իրականում ստացել է մեկ այլ խցում քրեական աստիճանակարգության մեջ դարձյալ որոշակի դիրք զբաղեցնող ուրիշ դատապարտյալների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Ընդ որում, հիշյալ ծեծն ուղղորդված և կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից։
Արթուր Սաքունցը պնդում է, որ հնարավոր չէ արտերկրից ինչ-որ մեկը ՔԿՀ-ի ներսում ցուցում տա, այդ դեպքում նա ցուցում պետք է տա ոչ միայն դատապարտված կամ կալանավորված անձանց, որոնք այդ գործողությունը կատարել են, այլև ՔԿՀ-ի պետին։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ն փակ հիմնարկ է, կալանավորվածների խցերը փակ են, բաց տարածք չկա, որ մարդիկ պատահաբար իրար հանդիպեն և այդ գործողությունը կատարեն։ Առանց հիմնարկի աշխատակազմի թողտվության, աջակցության այդ գործողությունը չէր կատարվի» -ընդգծեց Արթուր Սաքունցը։
Ըստ իրավապաշտպանի՝ Վահագն Աբգարյանը գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, և վճարումները կատարվում է իր միջոցներից։ Արթուր Սաքունցի խոսքով՝ Վահագն Աբգարյանը դիաբետ է ձեռք բերել, նաև մեծ քանակի արյուն է կորցրել։ Իրավապաշտպանն ահազանգում է, որ ոչ միայն Վահագն Աբգարյանի, այլև նրա ընտանիքի անդամների կյանքն է վտանգված։
«Սա համարում եմ կանխամտածված, գիտակցված աջակցություն․․․․Էդ ո՞նց է մի հեղինակությանը էդպես ճնշում են, մյուսին՝ աջակցում։ Այսինքն՝ պետությունն իր ապարատով՝ Դատախազությամբ, ՔԿՀ-ով դարձել է քրեական մի խմբավորման գործի՞քը, մասնակի՞ցը, թե՞ աջակիցը։ Եվ ինչո՞ւ համար չեն շահագրգռված, որ Վահագն Աբգարյանը ողջ մնա»,- նկատեց նա։
Տեղի ունեցած դեպքը, Արթուր Սաքունցի համոզմամբ՝ վկայում է քրեական ենթամշակույթի և իրավապահ մարմինների սերտաճվածության մասին։
«Թավշյա հեղափոխությունից հետո սրանք շատ յուրահատուկ ձևով ադապտացվել են նոր պայմաններին, սա բավականին լուրջ մարտահրավեր է։ Ինձ համար ծիծաղելի է, որ քրեակատարողական ծառայությունը հայտարարում է, որ պայքարում է քրեական ենթամշակույթի դեմ։ Քրեական ենթամշակույթը ձեր աշխատակազմի մեջ է, պագոնավոր քրեական մտածելակերպերի մեջ է մտնում։ Հնարավոր չէ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից անձին խցից հանեն, ասեն՝ պետը Ձեզ կանչում է, տեղափոխեն մեկ այլ տեղ, ու պետի փոխարեն գալիս են ծեծողները։ Ձեռք եք առնո՞ւմ։ Անհապաղ պիտի քրեական գործ հարուցվեր, բոլորը մեկուսացվեին»,- շեշտեց Արթուր Սաքունցն ու հավելեց, որ մինչև հիմա Դատախազության կողմից քրեական գործ չհարուցվելը անպատժելիության տիպիկ դրսևորում է։
«Սա համակարգային խնդիր է, այնքան անգրագետ են, որ հաղորդագրության մեջ նշում են, որ դրսից է հրահանգ տրվել, մոռանալով, որ հրահանգ տվող մասին իրենք 3 տարի առաջ գիտեին»,- ասաց պարոն Սաքունցը։
Մանրամասները՝ տեսանյութում։