Հայկ Գևորգյանը բացառում է, որ Վստրեչի Ապերը երբևէ իրեն օգնել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը, անդրադառնալով Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) այն հայտարարությանը, թե ժամանակին աջակցել է իրեն և Նիկոլ Փաշինյանին, երբ նրանք եղել են անազատության մեջ, ասաց, որ ինքն այդպիսի աջակցության կարիք չի ունեցել, չունի և չի ունենալու երբեք։
Գևորգյանն ասաց, որ անազատության մեջ եղել է ընդամենը 72 ժամ, աջակցության համար չի դիմել որևէ մեկին: «Նա ասել է, որ իբր ինձ հեռախոս են փոխանցել, չի եղել նման բան, ես 72 ժամվա մեջ ընդհանրապես հեռախոս չեմ տեսել, կարիքն էլ չեմ ունեցել, փաստաբան Վահե Գրիգորյանը ամեն ինչի մասին տեղյակ է եղել»:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Արամ Վարդանյանի խոսքերը հաստատել է լրագրող Գոհար Վեզիրյանը, ում մասին ևս նշել է Վարդանյանը, Գրիգորյանն ասաց, որ չգիտի՝ ինչի մասին է խոսքը, առհասարակ չգիտի, թե Վարդանյանի հայտարության նպատակը որն է․
«Որովհետև Վարդանյանի հետ երբևէ առնչություն չեմ ունեցել»։
Հարցին, արդյոք քրեակատարողական հիմնարկում եղած ժամանակ ինքը օգնության կարիք ունեցե՞լ է, պատգամավորը պատասխանեց. «Հրաշալի օրեր եմ անցկացրել, մենակ կերել եմ ու քնել։ Թերթում այդ ժամանակ լարված ռեժիմով էի աշխատում, փաստորեն 3 օր արձակուրդ գնացի։ Երբ դուրս եմ եկել, շնորհակալություն եմ հայտնել Վովա Գասպարյանին, որ ինձ 3 օր արձակուրդ տվեց»։
Հայկ Գեւորգյանը նաեւ ընդգծեց, որ իր հարազատները ևս չեն դիմել նրան, իրեն աջակցել է իր փաստաբանը, ընկերներն ու գործընկերները։ Եվ դա եղել է զուտ հոգեբանական աջակցություն։