Բացել լրահոսը Փակել լրահոսը
ինքնաթիռ
A A
Պաշտոնական

Հետագայում, հնարավոր է, Իտալիայից մեկնող չվերթեր չլինեն․ Քաղավիացիայի կոմիտեի նախազգուշացնումը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ryanair ընկերությունը դադարեցնում է բոլոր չվերթները Երեւանից դեպի Իտալիա եւ հետադարձ մինչեւ ապրիլի 8-ը։

Այս կապակցությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ Ryanair-ի չվերթերը կասեցվելու են ս. թ. մարտի 14-ից սկսած (այսինքն վերջին չվերթը տեղի է ունենալու մարտի 13-ին) մինչև ապրիլի 8-ը (ներառյալ):

Քաղավիացիայի կոմիտեի՝ նախօրեին տարածած հայտարարության մեջ ասվում է․

«Ինչ վերաբերում է Իտալիա-Հայաստան ավիաչվերթին, ապա ընդգծենք, որ Ռայանէյր ավիաընկերության կողմից դեպի Հայաստան վերջին չվերթը տեղի ունեցավ այսօր ժամը 21:40: Հավանականությունը մեծ է, որ այլ ավիաընկերությունները նույնպես նման քայլեր ձեռնարկեն և չեղարկեն թռիչքները Իտալիայից: Հետևաբար, կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան, քանի որ հետագայում հնարավոր է Իտալիայից մեկնող չվերթեր չլինեն:

Ռայանէյր ավիաընկերությունը կտեղեկացնի բոլոր տուժած ուղևորներին չեղարկումների և հաջորդ քայլերի մասին։

Նշենք, որ այն դեպքում, երբ ավիաընկերությունն է չեղարկում չվերթը, ուղևորներին պետք է առաջարկի այլընտրանքային տարբերակներ։ Ավիաընկերությունը կտեղեկացնի, թե ինչ հնարավորություններ կամ այլընտրանքային տարբերակներ են առաջարկվում։

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցները մարտի 10-ին գտնվել են Զվարթնոց օդանավակայանում, վերահսկել են Ռայանէյր ավիաընկերությամբ դեպի Իտալիա մեկնող և Իտալիայից ժամանող չվերթերը, տեղեկացրել COVID-19 կորոնավիրուսի վերջին զարգացումների մասին և հորդորել ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա։

Հարգանքով,
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։