Հյուրանոցանոցային ամրագրումների չեղարկումների թիվը հասնում է 700-ի․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպիսի՞ ազդեցություն է թողնում կորոնավիրուսը Հայաստանի զբոսաշրջության վրա։
Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը նշում է՝ այս պահին զբոսաշրջային հոսքերը բավականին նվազել են, կախված իրավիճակից՝ կշարունակեն կնվազել։
«Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց՝ զբոսաշրջային հոսքերի նվազման պատճառն այն է, որ առաջնահերթ դիտարկվեց մարդկանց առողջությունը և երկրում կորոնավիրուսի տարածման վտանգը, ուշադրություն հատկացվեց սահմանափակումներին և մեկուսացմանը։
Կոմիտեի ղեկավարը նաև նշեց, որ այս պահին վնասների ծավալների վերաբերյալ հաշվարկներ չկան, քանի որ նվազումները կամ աճը կարողանում են տեսնել ամսական կամ եռամսյակային կտրվածքով։
Սաֆարյանն ասում է, որ հիմնական հոսքերի նվազումը դիտվում է ռիսկային գոտում գտնվող երկրներից, որոնք հենց իրենք են իրենց սահմանափակել ճամփորդությունները և այն երկրներից, որտեղից հոսքը մենք ենք սահմանափակել․
«Օրինակ, մարտ ամսին իրանական Նովրուզն էր լինելու, որի ընթացքում Իրանից այցելություններ էին տեղի ունենում մեծ ծավալով։ Բնականաբար այս տարի չեն լինի առաջին հերթին մեր կողմից կանխարգելիչ, ինչպես նաեւ իրենց կողմից նախազգուշական քայլերի արդյունքում»։
Կոմիտեի ղեկավարն ասում է՝ տնտեսվարողներից ստանում են ահազանգեր․
«Կորուստներ ոչ միայն զբոսաշրջային դաշտում ունենք, այլ նաև մասնավոր հատվածի, քանի որ չեղարկումները ուղղակիորեն անդրադառնում են իրենց գործունեության վրա, որովհետև իրենք էլ խնդիրների առաջ են կանգնած»։
Ինչ վերաբերում է Ծաղկաձորին, կոմիտեի ղեկավարն ասաց․
«Եվ կորոնավիրուսի դեպքի հայտնաբերումից առաջ և դրանից հետո եղել եմ այնտեղ, տարբերությունն ակնհայտ չէր, այսինքն՝ որևէ կերպ չէր նշմարվում, որ կորոնավիրուսի կոնտակտավորների մեկուսացման պատճառով չկան այցելուներ։ Հաջորդ շաբաթ-կիրակի օրերին ևս բավականին ակտիվ էին, ճիշտ նույն կերպ, ինչ նախկինում։ Հնարավոր է, որ կորոնավիրուսի ռիսկերի հետ կապած չեղարկումեր եղել են արտասահմանյան շուկաներից, բայց սա ուղղակիորեն չենք կարող կապել կոնտակտավորների հետ»։
Հյուրանոցային ամրագրումների չեղարկումների մասին Սաֆարյանն ասաց, որ հարցումներ են ուղարկել հյուրանոցային տնտեսության օբյեկտներին, տեսել են, որ հիմնական չեղարկումները սկսվել են մարտ ամսից։ Չեղարկումների ընդհանուր թիվը 699 է։
Չեղարկումներ են գրանցել նաև զբոսաշրջային կազմակերպությունները՝ փաթեթների մասով։
«Կրկին ավելի շատ մարտ ամսին»,- տեղեկացրեց կոմիտեի ղեկավարը։