Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 1 (1)
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Աթլետիկոյի» գաղտնի զենքը կործանեց «Լիվերպուլին», իսկ Տուխելը հաղթեց նախկին թիմին

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչ փուլի պատասխան ևս երկու հանդիպում:

 

Գործող գավաթակիր «Լիվերպուլը» սեփական դաշտում ընդունեց Մադրիդի «Ռեալին», որին պարտվել էր առաջին խաղում 0:1 հաշվով: Լիվերպուլցիներն արդեն առաջին խաղակեսում հավասարացրին ընդհանուր հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակի չորրորդ րոպեին Ֆիրմինոյի խփած գլից հետո նույնիսկ առաջ անցան: Սակայն երեք րոպե անց Մարկոս Լյորենտեն, ով փոխարինել էր հյուրերի առաջատար հարձակվող Դիեգո Կոշտային, խփեց առաջին պատասխան գոլը՝ օգտվելով «Լիվերպուլի» դարպասապահի սխալից: 105-րդ րոպեին նա արդեն միայնակ ապակողմնորոշեց տանտերերի երկու պաշտպաններին և հաշվենկատ հարվածով խփեց իր երկրորդ գնդակը: Խաղի վերջին՝ 120-րդ րոպեին, «Աթլետիկոն» սուր հակագրոհ ձեռնարկեց և Ալվարո Մորատան խփեց հաղթական գոլը՝ 3:2: 

Այդպիսով, գործող գավաթակիր «Լիվերպուլը» պարտվեց նաև սեփական դաշտում և արդեն 1/8 եզրափակիչում վայր դրեց իր լիազորությունները: «Աթլետիկոն» առաջին անգամ հաղթանակ տոնեց Լիվերպուլում և մտավ քառորդ եզրափակիչ:

Օրվա երկրորդ խաղում Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ին առանց հանդիսականների ընդունեց Դորտմունդի «Բորուսիային», որն առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր սեփական դաշտում: Տանտերերն արդեն առաջին խաղակեսում Նեյմարի և Բերնատի խփած գոլերի շնորհիվ առավելություն ստացան: Երկրորդ խաղակեսում գերմանական թիմը թեև տիրեց նախաձեռնությանը և երեք անգամ շատ հարվածներ կատարեց, քան տանտերերը, սակայն այդպես էլ հաջողության չհասավ: «ՊՍԺ»-ն, որը ընտրել էր հակագրոհների տակտիկա, նույնպես գոլ չխփեց:

Այդպիսով, փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ռևանշի հասավ իր նախկին թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ՝ հաղթելով 2:0 հաշվով: «ՊՍԺ»-ն վեցերորդ անգամ մտավ քառորդ եզրափակիչ փուլ, ինչը ֆրանսիական թիմերի համար նոր ռեկորդ է: