Ես չեմ ուզում կանգնենք և գլուխներս գովենք․ Լենա Նազարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի քարոզարշավն այսօր մեկնարկեց Ջերմուկ քաղաքում։
Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանը իր ելույթում խոսեց այն կարևոր երեք ձեռքբերումների մասին, որ ձեռք են բերվել այս իշխանության օրոք։
«Ձեռքբերում եմ համարում, որ Հայաստանում այլևս չի լինելու ընտրակեղծարարություն։ Մենք թույլ չենք տալու, որ ժողովրդի լռությունը գնվի ընտրակաշառքով։ Երկրորդ՝ բացառում եմ համակարգային կոռուպցիան, և երրորդ՝ մենք որոշել ենք ժողովրդավարությունը հաստատել բացառապես ժողովրդավար մեթոդներով և ճանապարհով։ Մենք չենք կարող ազատագրել դատական համակարգը նախկինների ազդեցություններից՝ տարածելով մեր ազդեցությունը դատական համակարգի վրա։ Այս ձեռքբերումները կարևոր են, բայց նախապայմաններ են ուրիշ կարևոր անելիքների համար։ Ես չեմ ուզում կանգնենք և գլուխներս գովենք, որ մենք ընտրակեղծարար չենք, կոռուպցիոներ չենք, մենք ժողովրդավար ենք»։
Նրա համոզմամբ՝ այս ամենը իրավական պետությանը հարիր իրողություններ են և նախապայման՝ մեր երկրի կարևոր հարցերը լուծելու համար։ Սակայն, որպեսզի մեր երկրի համար խոշոր խնդիրները լուծում ստանան, միայն քաղաքական կամքը բավարար չէ, որովհետև շատ խնդիրների լուծումները հաճախ իրավական դաշտում և դատավորների ձեռքում են։
«Կարևոր եմ համարում մեր վստահությունը դատական համակարգի հանդեպ, պետք է ունենանք դատարան, որ լուծումներ կտա խնդիրներին։ Մեր ձեռքում չի բոլոր խնդիրների լուծումը, կան խնդիրներ, որ իրավական դաշտում են, և դրա համար պետք է դատարական անկախ համակարգի և հանրաքվեի «Այո»-ն։ Հետևողական քայլերով կհասնենք նրան, որ կունենանք անկախ դատարաններ և ազատագրված Սահմանադրական դատարան։ Այդպիսով մենք քաղաքացիների շահերը կկարորողանանք պաշտպանել տարբեր ուժերի և ուժեղների ոտնձգություններից»։