Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Բասկետբոլի Ազգային Լիգան դադարեցրել է առաջնությունը, մեկ խաղացող հիվանդ է կորոնավիրուսով

Բասկետբոլի Ազգային Լիգան հայտարարել է 2019-20թթ կանոնավոր առաջնության դադարեցման մասին: Պատճառը «Յուտա Ջազ» թիմի խաղացողներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումն է:

Ինչպես նշում է լիգայի պաշտոնական կայքը, «Յուտա Ջազ» - «Օկլահոմա Սիթի» հանդիպումից առաջ բասկետբոլիստներիc մեկի մոտ դրական արդյունք է տվել կորոնավիրուսի թեսթը: Խաղն անմիջապես չեղարկվել է:

USA Today թերթի տվյալներով, կորոնավիրուսով հիվանդացել է «Յուտա Ջազի» կենտրոնական պաշտպան Ռուդի Գոբերը: Նա մինչ այդ բաց էր թողել իր թիմի հանդիպումը, իսկ «Օկլահոմա Սիթիի» հետ խաղին ընդհանրապես չէր ներկայացել մարզադահլիճ:

Ի դեպ, 27-ամյա ֆրասնիացի բասկետբոլիստը մարտի 9-ին մամուլի ասուլիսին կատակով ձեռք է տվել բոլոր լսափոխերին՝ հասկացնելով, որ չի վախենում վարակվել լրագրողներից: Բանն այն է, որ լիգան արգելել է լրագրողներին խաղից հետո լինել հանդերձարաններում և շփվել բասկետբոլիստների հետ:

Հավելենք, որ «Լոս Անջելես Լեյքերսի» սուպերաստղ Լեբրոն Ջեյմսը հայտարարել է, որ չի խաղա, եթե լիգան որոշի հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների: