Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Թուրքիայի գործելաոճն ուղիղ համեմատական է Հայաստանի անվտանգային խնդիրների հետ»․ թուրքագետ (տեսանյութ)

«Քաղաքական,  միջազգային բանակցություններից առաջ Թուրքիան արհեստականորեն օրակարգը հարստացնում է այլ հարակից թեմաներով, որպեսզի բանակցությունների ժամանակ ունենա մանրևելու հնարավորություն բանակցողի համար զգայուն թեմաների շուրջ, այսինքն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մոսկովյան հանդիպումից առաջ, որի բուն օրակարգը Իդլիբն էր, Թուրքիան օրակարգ է մտցնում Արցախի հարցը»,- «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա․ սցենարային զարգացումներ» խորագրով քննարկման ընթացքում ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

«Սա քաղաքական օրակարգն արհեստականորեն հարստացնելու փորձ էր, երբ բանակցություների ժամանակ բացի Իդլիբից, թուրք-ռուսական այլ խնդիրներից արցախյան հարցն անուղղակիորեն մտնում է քաղաքական օրակարգ»,- ընդգծեց թուրքագետը:

Ըստ Մելքոնյանի՝  Թուրքիայի արտաքին քաղաքականության իմիջային մյուս առանձնահատկությունն այն է, որ Թուրքիան Էրդողանի ղեկավարման շրջանում իրեն հռչակել է տարածաշրջանային գերտերություն՝ համարելով, որ լեգիտիմ իրավունք ունի մասնակցելու տարածաշրջանային տարբեր հակամարտությունների հանգուցալուծմանը, քննարկմանը՝ հարցերի որոշելու գործընթացում: 

Բանախոսի խոսքով՝ Թուրքիան ունի մեծ ցանկություն ընդգրկվելու նաև Արցախյան հարցում։

«Թուրքիան սկսած 1991 թվականից իրականացրել է քայլեր՝ այս հարցում ընդգրկվելու համար, ընդ որում՝ այդ ընդգրկումը կարող է ունենալ և՛ ռազմական, և՛  քաղաքական ու դիվանագիտական բաղադրիչ»,- նշեց նա։

Մելքոնյանի խոսքով՝ թուրքական ընկալմամբ՝ ռուս-թուրքական հարաբերություններում անպայման կա հայկական բաղադրիչը։ Այդ բաղադրիչը Արցախյան խնդիրն է։

«Թուրքիայի գործունեությունը, գործելաոճն ուղիղ համեմատական է Հայաստանի  անվտանգային խնդիրների հետ, այս հարցերը պետք է լինեին մասնագիտական կարևոր  ուշադրության ներքո և այս հարցերում պոպուլիստական, ամբոխահաճո, հոխորտանքներով լի մոտեցումները, ըստ էության,  տեղ չունեն: Սա վերաբերում է լիովին այլ ոլորտին: Այս մոտեցումերը կարող են ունենալ կործանարար հետևանք»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ ընդգծում է՝ մեր հասարակության մեջ կա միֆ, որ և՛ Ռուսաստանը, և՛ աշխարհը Թուրքիային թույլ չեն տա հարձակվել Հայաստանի վրա, և գործնականում այդ երկիրը չի կարող լուրջ վտանգ ներկայացնել Հայաստանի համար, սակայն դա իրականում այդպես չէ։ Միեւնույն ժամանակ, ըստ նրա, կան առարկայական վտանգներ, որոնք կարող  են կյանքի կոչվել։