Այս իշխանությունն իր քարոզարշավներով կորոնավիրուսի տարածման ամենամեծ աղբյուրն է. Թևանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե ռուս-թուրքական հարաբերությունները շատ են վատանում, մեզ ձեռնտու չէ, եթե ռուս-թուրքական հարաբերությունները շատ են ջերմանում, նույնպես մեզ ձեռնտու չէ: Բայց դրանք երևույթներ են, որոնց վրա ազդեցություն, մեծ հաշվով, չենք կարող ունենալ»,- «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա․ սցենարային զարգացումներ» խորագրով քննարկման ընթացքում ասաց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:
Թևանյանի խոսքով՝ պետք է ամեն ինչ անենք, որ ներսում ունենանք այնպիսի պատրաստվածություն, այնպիսի համակարգեր, որ ավելի քիչ կախված լինենք արտաքին գործոններից և ունենանք այնպիսի դերակատարում, որի համաձայն՝ մեր դաշնակիցները ձգտեն մեզ հետ հարաբերությունների էլ ավելի խորացման ու զարգացման, հնարավորություն տան ավելի մեծացնել մեր անվտանգության համակարգը։
Ինչ վերաբերում է Սիրիայի հարցում ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը՝ Թևանյանն ասում է՝ լարվածությունը, կարող է տարբեր դրսևորումներով արտահայտվել Արցախի խնդրի վրա, որովհետև Թուրքիան կարող է փորձել որոշակի դիվիդենտներ շահել այդ տարածքներում, քանի որ Սիրիայում, մեծ հաշվով, հարվածներ է ստացել ռուսների կողմից:
«Այն, որ Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանի ձեռքերով որոշակի ռևանշի հասնել Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, տեսակետները տարբեր են: Մենք պետք է գնանք վատագույն սցենարով, միգուցե Թուրքիան փորձի նման քայլի գնալ, մանավանդ որ Թուրքիայում, նաև Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք գտնում են, որ կարելի է ավելի մեծ մասշտաբներով կրկնել 2016 թ. ապրիլյան պատերազմը: Քանի որ Ռուսաստանն ուղղակիորեն ներգրաված չէ Ղարաբաղի անվտանգության համակարգի մեջ, ուստի Արցախը թույլ օղակ է»,- նշեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է այս իրավիճակում մեր երկրի պատրաստվածությանը հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար, Թևանյանն ասում է՝ տեսնում ենք, որ այս իշխանությունները հասարակությունն էլ ավելի են պառակտում ներքին իշխանական խնդիրները լուծելու համար, ինչը, ըստ բանախոսի, ուղղակիորեն հարվածում է մեր անվտանգությանը:
«Այս պայմաններով, կարծում եմ, որ այս իշխանությունն ամենալուրջ խնդիրներն է առաջացնում, և մեր երկրի ներսում տիրող իրավիճակն ավելի մեծ մարտահրավեր է, քան հնարավոր ռազմական գործողություններն Արցախում, քան տխրահռչակ և չարաբաստիկ կորոնավիրուսի տարածումը»:
Նրա պնդմամբ՝ այս իշխանությունը իր քարոզարշավներով կորոնավիրուսի տարածման ամենամեծ աղբյուրն է։
Թևանյանն ասում է՝ բոլոր մարտահրավերները թողած՝ Հայաստանի իշխանությունները զբաղված են շատ նեղ քաղաքական հարցով՝ 7 հոգու աշխատանքից ազատելու և նոր 7 հոգու աշխատանքի ընդունելու խնդրով։