Մենք լուծում ենք Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի հերթական խաբեության հարցը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇատերը կարող են մտածել, թե Սահմանադրական դատարանը կամ դատարանները իրենց հետ ի՞նչ առնչություն ունեն։ Սակայն խնդիրն այն է, որ ՍԴ-ն ամենատարբեր հարցերում կարող է վերջնական որոշում կայացնել, որը որևէ տեղ բողոքարկելու ենթակա չէ,- այսօր Զառիթափ համայքում «Այո» քարոզչական կողմի քարոզարշավի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետև մեր ժողովուրդը չի սիրում կեղծիքը, չի սիրում, որ իրեն խաբեն։ Մենք լուծում ենք Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի հերթական խաբեության հարցը, մենք պետք է մեզ ազատենք այդ կեղծիքից, որովհետև եթե կեղծիքի օջախը մինչև չես մաքրում, նա իր կեղծիքն է տարածում։ ՍԴ անդամները, ՍԴ դատարանի գոյության ողջ ընթացքում բոլոր ընտրակեղծիքները լեգիտիմացրել են։ Ժողովրդի դեմ տանկեր հանելը լեգիտիմացրել են, Հայաստանի քաղաքացիների սպանությունները լեգիտիմացրել են, ժողովրդի ձեռքից իշխանությունը խլելը լեգիտիմացրել են և նրանք պետք է հեռանան»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ապրիլի 5-ին «Այո»-ն կհաղթի, քանի որ դա կախված է բացառապես ժողովրդի ընտրությունից։
«Ես հույս ունեմ, որ 800 հազարից ավելի՝ մինչև 1 մլն կստանա «Այո»-ն։ Ի՞նչ է լինելու «Այո»-ի հաղթանակից հետո, ՍԴ բոլոր հոդվածները մտնելու են ուժի մեջ, ՀՀ նախագահը, Դատավորների ժողովը և Կառավարությունն է ներկայացնում ՍԴ դատավորների թեկնածությունը։ Սա երաշխիք է, որ նոր ՍԴ-ն կլինի բալանսավորված։ Մենք դատական օրենսգիրք ենք ընդունում, որ ՍԴ թեկնածուները բարեվարքության ստուգում են անցնելու։ Ստուգվելու է նրանց ունեցվածքը, կապերը, թե ինչքանով իրենք կարող են լինել անաչառ։ Մեզ խամաճիկային դատարան պետք չի, մեզ պետք է անկախ դատարան, որ բոլորս ազատվենք այս լարվածությունից և վստահենք մեր դատարանին, պետությանը, զինանշանին»․ ավելացրեց նա։