Ջհանդամը, թե չեն հայհոյում, իրենց գլխին կպնի․Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎայքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հեղափոխության պահապաններ» խմբի հետ կապված դեպքին։ Նրանք երեկ գնացել ու հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցրած երիտասարդի հետ։
«Սա անընդունելի է ինձ համար, մանավանդ, որ ես երկու օր է՝ խոսում եմ, որ մենք հայհոյանքին հայհոյանքով չպետք է պատասխանենք, վիրավորանքին վիրավորանքով չենք պատասխանում, բայց մարդիկ մեր անունից գնում են ու նման գործողություններ են անում, այսինքն՝ իրենց անունից են անում, բայց ի պաշտպանություն մեզ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը պնդեց, որ դատապարտում է նման գործողությունները մանավանդ այն ֆոնին, որ երկու օր է՝ այդ մասին խոսում է և կոչ է անում սադրանքների չտրվել։
«Հայհոյում են, ջհանդամը, թե չեն հայհոյում, իրանց գլխին կպնի հայհոյանքը, կարևորն այն է, թե այդ հայհոյանքի, մեղադրանքի հիմքում ճշմարտություն կա՞, թե՞ չկա», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ ժողովուրդը կառավարությանը հավատում է, այսօր Հայաստանում կա վստահության մթնոլորտ։
«Ոմանց երազանքներն էս վերջին երեք օրում փշուր-փշուր եղան, փուլ եկան, որովհետև նրանց հույսն այն էր, թե վերջ, ժողովուրդը հիասթափվել է, ժողովուրդը չի կարող հիասթափվել», - ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ բացառում է, որ ժողովուրդը երբևէ համաձայնվի, որ իրեն թալանածները նորից գան իշխանության։
Հիշեցնենք, որ իրենց «Հեղափոխության պահապաններ» անվանող երիտասարդները տեսանյութ էին տարածել, որում օրեր առաջ մետրոյում «Այո»-ի բուկլետը պատռող և վարչապետի վրա նետող աղջկա հետ հեռախոսազանգով խոսող տղամարդուն ստիպում են ներողություն խնդրել վարչապետի հասցեին հնչեցրած հայհոյանքների համար։