Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հանրաքվեն և Արցախի ընտրությունները պետք է հետաձգվեն․Անի Սամսոնյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին չեն գոհացնում Կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման դեմ։

«Ա1+»-ի հետ զրույցում պատգամավորը հիշեցնում է, որ երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել աշխարհով մեկ, «Լուսավոր Հայաստանը» հայտարարեց, որ Իրանի հետ սահմանը պետք է փակվի, սակայն որոշումը դժվար ընդունվեց։

«Հետո իշխանությանը հորդորեցինք, որ Հայաստան-Իտալիա չվերթները չեղարկվեն, որովհետև մենք տեսանք, թե ինչ է կատարվում Իտալիայում, իշխանությունը չլսեց։ Առողջապահության նախարարը բազմիցս հայտարարում է, թե սա վտագավոր չէ, համեմատում է գրիպի հետ, այնինչ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է կորոնովիրուսը պանդեմիա։ Եվ այս պայմաններում մենք շարունակում ենք պնդել, որ այն վտանգավոր չէ, և շարունակում ենք այն համեմատել գրիպի հետ։ Սա խոսում է մեր իշխանության և Առողջապահության նախարարի՝ հարցին անլրջորեն վերաբերելու վարքագծի մասին, ինչը այս իրավիճակում լավ չէ»,- ասաց նա։

ԼՀԿ-ական պատգամավորը օրինակ է բերում Իտալիան, ԱՄՆ-ն, որոնք փակել են մուտքերը։

«Կորոնավիրուսը դարձել է ազգային անվտագության սպառնալիք, ունենք 4 վարակակիրներ, և հնարավոր է, որ կարող է տարածվել։ Այս իրադարձությունների ֆոնին, երբ իշխանությունը շարունակում իրականացնել զանգվածային միջոցառում, սա ևս խոսում է այդ անլրջության մասին։ Մենք կոչ ենք արել իշխանությանը, քանի որ իսկապես ազգային անվտագության խնդիր է սա, և անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ պակասեցնեն շփումները, ինքնամեկուսանան։ Հանրաքվեն և Արցախի Հանրապետության ընտրությունները պետք է հետաձգվել, որովհետև մենք չենք կարող հոգալ միայն Հայաստանի Հանրապետության մասին, այսպես չի կարող լինել»,- ընդգծեց Անի Սամսոնյանը։

Նրանից հետաքրքրվեցինք նաև, թե պատգամավորների գործուղումները հետաձգվե՞լ են այս շրջանում, ինչին ի պատասխան՝ Անի Սամսոնյան ասաց՝ այո։

«Օրինակ՝ ես երեկ պետք է մեկնեի Բուլղարիա, չնայած այն բանին, որ երկու օր առաջ ես հարցրել եմ, թե հնարավո՞ր է հետաձգվի, իրենք ասել են՝ դեռ չենք տեսնում խնդիր, բայց ժամեր առաջ միջոցառումն ու թռիչքը չեղյալ է հայտարարվել»,- տեղեկացրեց Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ մայիսին գործուղում ուներ նաև Ռումինիա, որը նույնպես չեղյալ է հայտարարվել։

Անի Սամսոնյանը անհրաժեշտ է համարում, որպեսզի ուսումնական հաստատություններում դասապրոցեսները դադարեցվեն։

«Մենք պետք է ադեկվատ մոտեցում ցուցաբերենք, իսկ ես նման մոտեցում դեռ չեմ տեսնում իշխանության կողմից»,- հավելեց նա։