Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» շոուն, «Բազելի» և «Բայերի» վստահ հաղթանակները
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Նախապես նշենք, որ կորոնավիրուսի պատճառով «Սևիլյա» - «Ռոմա» և «Ինտեր» - «Խետաֆե» խաղերը հետաձգվել են, քանի որ Իսպանիան դադարեցրել է Իտալիայի հետ օդային կապը, իսկ մյուս վեց հանդիպումներից հինգն անցել են առանց հանդիսականների:
Մրցաշարի ֆավորիտ «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով պարզապես ջախջախեց ավստրիական ԼԱՍԿ-ին, ընդ որում վերջին երկու գոլերն անգլիական թիմը խփել է մրցավարի կողմից ավելացրած ժամանակում:
Հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ նաև շվեյցարական «Բազելը», որը գերմանական «Այնտրախտի» հետ խաղում չնայած հիմնականում պաշտպանվում էր, բայց կարողացավ հակագրոհների օգնությամբ երեք անպատասխան գոլ խփել:
Գերմանական «Վոլֆսբուրգը» նույնպես սայթաքեց սեփական դաշտում՝ անսպասելի զիջելով Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորին»՝ 1:2: Այս խաղում մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ թիմերն չկարողացան իրացնել նշանակված 11մ հարվածները: Իսկ ահա Գերմանիան ներկայացնող երրորդ թիմը՝ «Բայերը», հյուրընկալվելիս 3:1 հաշվով վստահ հաղթեց շոտլանդական «Ռեյնջերսին», որը 2018թ մարտ ամսից հետո պարտություն չէր կրել սեփական դաշտում:
Հունական «Օլիմպիակոսը» իր հարկի տակ պատվավոր ոչ-ոքի խաղաց անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ՝ 1:1, չնայած առաջին խաղակեսի 29-րդ րոպեից մնացել էր 10 ֆուտբոլիստով (Սեմեդում վերջին հույսի խախտում էր թույլ տվել – հեղ.):
Թուրքական «Բաշակշեխիրը», որը խաղաց երկրպագուների ներկայությամբ, խաղավերջում խփած միակ գոլի հաշվին պարտության մատնեց Դանիայի չեմպիոն «Կոպենհագենին»՝ 1:0:
Պատասխան խաղերը նշանակված են ապրիլի 19-ին, սակայն դրանք հնարավոր է հետաձգվեն, քանի որ շատ երկրներում դադարեցվել են ազգային առաջնությունները: