Ֆուտբոլի պատմության էջերից․ Ինչպես է կատարվել 20-րդ դարի «կողոպուտներից» մեկը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀամաշխարհային ֆուտբոլի պատմությունը հարուստ հետաքրքիր խաղերով ու հանդիպումներով: Շատ են նաև դրանց հերոսները: Սակայն կան ֆուտբոլային պատմություններ, որոնք «գրվել» են ոչ թե խաղադաշտերում, այդ դրանցից դուրս: Այդ պատմություններից մեկը տեղի է ունեցել 54 տարի առաջ, մարտի 20-ին:
1966 թվականին Անգլիան առաջին անգամ ընդունում էր ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Մրցաշարի կազմակերպիչներն ամեն ինչ անում էին այն բարձր մակարդակով անցկացնելու համար: Առաջնությունը գովազդելու համար անգլիացիները դիմում էին բոլոր միջոցների: Անգլիայի ֆուտբոլի միությունը, որն արդեն հունվարին իր գրասենյակում էր պահում աշխարհի չեմպիոնին հանձնվող գավաթը, այն մի քանի անգամ ցուցադրության է դնում Լոնդոնի ոսկերչական խանութների ցուցափեղկերում:
Մրցանակը պատրաստված էր արծաթից, սակայն ծածկված էր ոսկու բարակ շերտով, այդ իսկ պատճառով այն ստացել է «Ոսկե աստվածուհի» անվանումը, քանի որ հեղինակը ընտրել էր հաղթանակի աստվածուհի Նիկեի կերպարը: Գավաթը կշռում էր 1 կգ 800 գրամ, իսկ ինքնարժեքը 3000 ֆունտ սթեռլինգ էր: Սակայն, Անգլիայի ֆուտբոլի միությունն այն ապահովագրել էր 30 հազար ֆունտով:
Փետրվարին աշխարհի գավաթը ցուցադրելու իրավունք է ստանում Stanley Gibbons ընկերությունը, որը զբաղվում էր նամականիշների վաճառքով: Այն որոշում է «Ոսկե աստվածուհուն» ցուցադրել Վեսթմինստրյան պալատի կենտրոնական սրահում: Գավաթը շուրջօրյա հսկելիս են եղել երկու պահակներ և քաղաքացիական հագուստ կրող երկու ոստիկաններ:
Չնայած ձեռնարկած անվտանգության միջոցներին, մարտի 20-ի ցերեկը «Ոսկե աստվածուհին» անսպասելի անհետանում է: Ըստ նախնական վարկածի, հանցագործներն ընդմիջման ժամանակ ներսից բացել էին գլխավոր դուռը և գողացել արձանիկը:
Լոնդոնի ոստիկանությունն ամեն ինչ անում է հանցագործությունն արագ բացահայտելու համար, սակայն՝ ապարդյուն: Հաջորդ օրը ֆուտբոլի միության նախագահ Ջո Միրսը անանուն փաթեթ է ստանում, որի մեջ հանցագործը գրավոր պահանջում է 15 հազար ֆունտ ստեռլինգ փրկագին ֆուտբոլի «աստվածուհու» համար: Նախագահն այդ մասին հայտնում է «Սքոթլանդ Յարդին», որը մեծ ուժեր է նետում փաթեթի հեղինակին հայտնաբերելու համար: Ձեռնարկած միջոցառումները դարձյալ անարդյունք են մնում:
Սակայն, կողոպուտից հինգ օր անց, «Ոսկե աստվածուհին» ինչպես անսպասելի անհայտացել էր, նույնպես անակնկալ գտնում է: Լոնդոնի ոստիկանության պատիվը փրկում է Փիքլզ անունով բակային շունը: Իր տիրոջ՝ Դևիդ Կորբետի հետ հերթական զբոսանքի ժամանակ այն թփերի տակ թերթով փաթաթված արկղ է գտնում, որի մեջ պահված է լինում հենց գավաթը: Դևիդ Կորբետն արկղն անմիջապես հանձնում է ոստիկանությանը:
Իրավապահները սկզբում նրան են կասկածում կողոպուտի մեջ, սակայն նա հիմնավոր ալիբի է ունենում: Դևիդ Կորբետը Ֆուտբոլի միությունից ստանում է խոստացված պարգևը՝ 6000 ֆունտ ստեռլինգը, իսկ Փիքլզին մեկ տարի շարունակ անվճար կերակրում են: