Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պանդորայի արկղը մի բացեք. Էդմոն Մարուքյանը կարծում է՝ նախագծով բոլորի կյանքը բացահայտվում է (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մտահոգություններ ունի Կառավարության ներկայացրած նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ըստ էության՝ նախագիծը վերաբերում է բոլոր քաղաքացիների տվյալների հասանելիությանը։

«Ոչ ոք թող չմտածի, որ իր տվյալներին չի վերաբերում, կամ ինչ-որ մեկին է վերաբերում, որը հիմա ախտորոշվել ու մեկուսացվել է։ Ես խնդիր չեմ տեսնում, որ հսկողությունը վերաբերի ախտորոշված ու մեկուսացված օրվանից սկսած։ Ես խնդիր եմ տեսնում, երբ որ մարդը չգիտի, որ կարող է հետ գնան ու իր բոլոր կոնտակտները պարզեն, թե ո՞ւմ հետ է խոսել, որտե՞ղ է եղել, ո՞ւմ հետ է շփվել, ի՞նչ է խոսել, որ ռետրոսպեկտիվ բացում ենք «Պանդորայի արկղը»»,- ասաց Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ այս նախագիծը ուշացած է, և անիմաստ կարգավորում է սահմանում։ ԼՀԿ ղեկավարը նաև վստահ չէ, թե այդ տվյալներն ում մոտ են մշակվելու և ինչպես։

ԼՀԿ-ական Գևորգ Գորգիսյանի դիտարկմամբ էլ՝ այս նախագծով գործ ունենք մարդկանց տվյալների տոտալ վերահսկողության գործիքների հետ, բայց վերահսկողության մեխանիզմներ չունենք, թե տվյալներ պահող մարդիկ ինչ ստանդարտների պետք է համապատասխանեն։