Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կհիմնվի՞ թոքերի արհեստական օդափոխության սարքերի հայ-գերմանական համատեղ արտադրություն (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ: Հանրապետության նախագահը և դեսպանը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի, դրա կանխարգելման, հաղթահարման և բուժման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանն իր ողջույններն ու բարեմաղթանքն է փոխանցել նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին՝ հույս հայտնելով, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսված նրա պաշտոնական այցը Հայաստան կկայանա:

Այս առնչությամբ դեսպանը նշել է, որ նախագահ Շտայնմայերի այցն օրակարգում է: Նախագահն իր լավագույն բարեմաղթանքներն է հղել նաև իր լավ բարեկամ, կանցլեր Անգելա Մերկելին, որին ճանաչում է երկար տարիներ, դեռ 1990-ականներից:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև գլոբալ համավարակի դեմ պայքարում հնարավոր համատեղ քայլերին:

Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գերմանիայի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը, մասնավորապես՝ պաշտպանիչ միջոցներ, հանդերձանք, համապատասխան պարագաներ։

Բարձր գնահատելով գերմանական ինժեներական փորձն ու գիտելիքները՝ նախագահն ասել է, որ հնարավորության դեպքում ակնկալում է գերմանական ընկերությունների խորհրդատվությունը և նաև Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը:

Անդրադարձ է եղել նաև ATOM նախագահական նախաձեռնությանը և դրա շրջանակում համատեղ ծրագրերին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ թեմայով քննարկումներ է ունեցել գերմանական մի շարք գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև խոշոր ընկերությունների, մասնավորապես Siemens-ի հետ: Ծրագրի նպատակն է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ Հայաստանում զարգացնել արհեստական բանականությունը: