Բացել լրահոսը Փակել լրահոսը
92213416_2713011702100437_6533556687930916864_o
A A
Քաղաքականություն

Ի՞նչ ծրագրեր են նախատեսված գյուղացիների համար խոզի մսի մթերման մասով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսի ժամանակ «Ա1+»-ը հարց էր հղել խոզի մսի մթերման վերաբերյալ։

«Խոզի մսի մթերման ոլորտում ի՞նչ քայլեր են կատարվելու։

Գյուղատնտեսության նախկին նախարարի խորհրդական, գյուղատնտես Հարություն Մնացականյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր, որ «եթե խոզի մսի մեծածախ վաճառքի գինը 1600 դրամից պակաս դառնա, հնարավոր է, որ գյուղացին սկսի վնասով աշխատել, և հնարավոր է՝ սկսի կրճատել խոզի գլխաքանակները, որը կարող է բերել տեղեկան խոզի մսի պակասորդի»։ Հնարավոր է նաև, որ դրսից խոզի միս ներմուծողները տեղական միսը դուրս թողնեն մրցակցությունից․ գյուղացիների համար աջակցության ի՞նչ ծրագրեր են նախատեսված այս մասով»։

Հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ խոզի մսի արտադրությամբ, խոզաբուծությամբ զբաղվող տնտեսությունների համար կառավարության աջակցության փաթեթը հատուկ մոտեցում է նախատեսում։

«Այն ֆերմերները, որոնք 3-15 միլիոն դրամ վարկավորման կդիմեն խոզաբուծությամբ կամ թռչնաբուծությամբ զբաղվելու համար, կարող են օգտվել կառավարության 30 տոկոս համաֆինանսավորման աջացկությունից։ Ի՞նչ է դա նշանակում․ նշանակում է, օրինակ՝ որ եթե դիմում են 5 միլիոն դրամ վարկ վերցնելու համար, ապա առևտրային բանկն իրենցից կպահանջի միայն 3,5-ի գրավային ապահովում և այն 1,5-ը, որը պետք է տրամադրվի կառավարության կողմից որպես համաֆինանսավորում, գրավային ապահովում չի ենթադրում, չի պահանջում։

Ինչպես և բոլոր գյուղատնտեսական վարկավորման եղանակները, այս դեպքում նույնպես ամբողջ վարկի տոկոսագումարները սուբսիդավորվում են կառավարության կողմից։ Այսինքն՝ բացի այն, որ խոզաբուծությամբ զբաղվելու համար կարող է այդ վարկառուն 30 տոկոսով ավելի քիչ գրավային ապահովում առաջարկել բանկին, ֆերմերը նաև հատուցվում է կառավարության կողմից բոլոր այն տոկոսների գումարը , որը բանկը, ֆինանսական կազմակերպությունը սահմանել էր տվյալ վարկավորման համար։ Այսինքն՝ ստանում է 0 տոկոսով վարկ»

Նախարարը, անդրադառնալով գնին, նշեց․

«Ես չգիտեմ՝ 1600 դրամն է այն գինը, որ իրականում ծախսածածկման կետն է խոսի մսի համար։ Կարծում եմ՝ այդքան բարձր չէ ամեն դեպքում, ավելի ցածր է՝ կախված նորից տնտեսավարման պայմաններից, թե դա ինչ տնտեսություն է, ինչպես է վարում իր գործունեությունը։ Բայց ցանկացած մեկն, իհարկե, պետք է մտածի ինչպես կրճատել իր ծախսերը։

Եթե շուկան այնպիսին է, որ պետք է շատ արդյունավետ լինեն ձևավորված գների պայմաններում մրցունակ մնալու համար, ապա ֆերմերային տնտեսությունները պետք է մտածեն հնարավոր բոլոր եղանակների մասին իրենց ծախսերը կրճատելու և եղած գնի պայմաններում անվնաս գործունեություն իրականացնելու համար։

Մեկ քայլ կառավարությունն արել է․ դա անտոկոս վարկային փոխառությունն է։ Որն ի՞նչ է նշանակում գյուղացու համար․ նշանակում է ավելի նվազեցված ծախսեր բնականաբար»,- նշեց նա։