Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Տնտեսություն

Մսի, կարագի, բրնձի, ձեթի և մի շարք այլ ապրանքների գինը կնվազի 3 տոկոսով. փոխվարչապետ (տեսանյութ)

Կառավարությունն այսօր քննարկեց և ընդունեց Հայաստանում «Եվրասիական տնտեսության մասին» պայմանագրում արձանագրության փոփոխություն կատարելու որոշումը։

 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, որ օրենքի նախագծով արձանագրություն է հաստատվում, որը դեկտեմբերին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ վարչապետի ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունք է:

«Համաձայն արձանագրության՝ այն արտոնյալ սակագները, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2015 թվականին  ստացել է, և որոնք ավարտվում էին 2020 թվականի հունվարին, երկարաձգվում են մինչև 2021 թվականի հունվար»,- հայտնեց նա:

Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ այն վերաբերում է մի շարք պարենային և արդյունաբերական  ապրանքների, որոնց գինը միջինում  3 տոկոսով կնվազի արձանագրության ուժի մեջ մտնելու պահից: 

«Խոսքը մսի, կարագի, բրնձի, ձեթի, ծխախոտի հումքի, պարարտանյութի, մի շարք դեղագործական արտադրանքների և այլ  ապրանքների մասին է: Ապրանքատեսակները 640-ն են»,- ասաց փոխվարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը կարևորեց, քանի որ այսօր, ըստ նրա, շուկայում նկատվում է որոշակի գնաճային ճնշում:

ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը ներկայացրեց հանձնաժողովի մոնիտորինգի արդյունքները՝ գնաճի վերաբերյալ:

«Այսօր արդեն դիտվում է գների նվազման որոշակի միտում մարտ ամսվա համեմատությամբ, բայց նաև գների աճման միտումը տեղավորվում է 1-4 սանդղակում և գների կտրուկ բարձրացում տեղի չի ունեցել»,-արձանագրեց նա:

Ըստ Գևորգյանի՝ 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, օրինակ, շաքարավազը  այս տարվա փետրավարին եղել է 230դրամ, ապրիլի 8-ի դրությամբ դարձել է 255 դրամ, սակայն 2018-ի նույն ժամանակահատվածում եղել է 338 դրամ:

Կարագը փետրվարին եղել է ՝ 2730, այսօր՝ 2790, 2018 թվականի նույն ժամանակահատվածում եղել է 4430 դրամ:

Գևորգյանն ասում է, որ այս թվերը ցույց են տալիս, որ շուկայում կա մրցակցություն:

Վարչապետն էլ արձանագրեց, որ վերջին շրջանում բազմաթիվ գնանկումային երևույթներ ենք ունեցել, բայց պետք է ուշադրություն դարձնել նաև մարզային խանութներին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ դիզվառելիքի շուկայում աննախադեպ գնանկում է նկատվում. այսօր արդեն դիզվառելիքը հասանելի է 360 դրամով։ 

Վարչապետն անդրադարձավ ցրտահարության վտանգին, ասաց, որ գյուղատնտեսական աշխատանքների այս սեզոնին սա կարեւոր է.

 «Մենք այս գիշեր լարված էինք բավականին, որովհետեւ ցրտահարության վտանգ կար։ Կարող ենք արձանագրել, որ նորմալ է անցել, համենայն դեպս, էական վնասների մասին տեղեկատվություն այս պահին չունենք: Կարող եմ ասել, որ Արցախի Հանրապետությունում եւս խնդիր չկա»,-  ասաց վարչապետը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ օդերեւութաբանական տվյալների համաձայն՝ նախանցած գիշեր ամենամամեծ ռիսկն առկա էր Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, իսկ անցած գիշեր՝ Արարատի եւ Արմավիրի մարզում։

Նա ավելացրեց, որ վնասված են լինելու հատկապես ծիրանի որոշ այգիներ. «Բայց այն մեծ վախը, որ կար Արարատի եւ Արմավիրի մարզերում, արդեն անցյալ պետք է համարել, ամեն դեպքում, այս գիշեր նույնպես պետք է զգույշ լինել»,- ասաց նա։