Երբեք որևէ պարագայում ես չեմ ղեկավարվել դավադրության տեսություններով․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստն ավարտվեց մոտ 5 ժամ տևած քննարկումից հետո։ Հանձնաժողովի հյուրը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր։ Նիստից հետո նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին։
Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստն անցել է նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում։
«Ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաև լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
Նախագահն ասաց, որ խոսել է ռազմական գործողությունների իրական, հավաստի տեղեկությունների մասին, որի ընթացքում Զինված ուժերը, հայ հանրությունը հաղթել են ոչ միայն մարտի դաշտում, այլև՝ դիվանագիտորեն։ Սերժ Սարգսյանը չպատասխանեց լրագրողի հարցին, թե վերջերս ցուցադրված ֆիլմում ինքն ասել է, որ քառօրյա պատերազմում ոչ թե 800 հա տարածք է հայկական կողմը կորցրել, այլ 400, այդ դեպքում ինչո՞ւ է նախկինում 800 հա-ի մասին խոսել։ Նախագահը միայն նշեց, որ արտակարգ դրության ավարտից հետո հաճույքով ցանկացած հարցի կպատասխանի։
Սերժ Սարգսյանը չպատասխանեց նաև դավադրություններ լինելու մասին հարցին, նա նշեց, որ չի ներքաշվելու հարցուպատասխանի մեջ, սակայն ընդգծեց․
«Ուղղակի ասեմ, որ երբեք որևէ պարագայում ես չեմ ղեկավարվել ո՛չ դավադրության տեսություններում, ո՛չ ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը այդ թվում՝ մեր դաշնակիցները, գործընկերները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ, չկա էդպիսի բան։ Մենք ունենք թշնամիներ, ակնհայտ է, բայց մենք ունենք բազմաթիվ բարեկամներ, և բոլորին խորհուրդ եմ տալիս այդ դավադրությունների տեսություններով չղեկավարվել»։
Երրորդ նախագահը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, ընդգծելով, որ հետո անպայման կպատասխանի ապրիլյան պատերազմի վերաբերյալ լրագրողների հարցերին։ Իսկ այլ հարցերի շուրջ՝ հետո, անհրաժեշտության դեպքում առանձին և յուրաքանչյուր հարցի շուրջ։
«Ես ձեզ խոստանում եմ չի լինելու հարց, որին ես չեմ պատասխանելու»,- շեշտեց նա։
Սարգսյանը նշեց նաև, որ նիստի ավարտին ի պատասխան հանձնաժողովի նախագահի, շնորհակալություն է հայտնել տեղի ունեցած քննարկման համար։
Մանրամասները՝ տեսանյութում։