Կարմիր գծերը կթողնեն միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում․ առաջարկ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Սիփան Փաշինյանը օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, որով առաջարկում են Երևանի 12 վարչական շրջաններից կարմիր գծերը թողնել միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Սիսակ Գաբրիելյանը մանրամասներ ներկայացրեց։ Ըստ նրա՝ եթե նախկինում վարչական ակտը կազմվում էր շրջիկ մեքենաների և լուսանկարների միջոցով, ապա իրենց նախաձեռնած փոփոխություններով վարչարարություն կարող է կատարվել բացառապես տեսանյութի առկայություն դեպքում։
«Այսինքն՝ ինչպես տեսանկարահանող սարքերի և արագաչափերի դեպքում՝ սխալ կայանելու համար ստանում ենք տեսանյութ, այս դեպքում էլ տեսանյութ կլինի առնվազն 15 րոպե տևողությամբ, որովհետև ինչպես գիտեք, օրենքով նախատեսված է, որ մինչև 15 րոպե տևողությամբ կայանումն անվճար է»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։ Պատգամավորն ասաց, որ հիմա քննարկում են, թե ինչ տարբերակով կարող են տեսանյութն ուղարկել քաղաքացիներին։ Նախատեսում են ստեղծել համապատասխան հավելված, որում քաղաքացիները կարող են մուտքագրել իրենց մեքենաների պետհամարանիշը կամ այլ տվյալներ և ծանուցում ստանան, եթե իրենց նկատմամբ վարչական ակտ է կազմվել։
«Այս համակարգի ներդրմամբ քննարկում ենք նաև որոշակիորեն լուծել ազատ կայանատեղիների հարցը։ Նախնական տարբերակով՝ ընկերությունը փորձարկում է իր տեսախցիկները մեկ այլ կազմակերպության հետ։ Փորձում են ծրագրային մշակում ապահովել, որ օրինակ՝ երբ մենք ցանկանանք որևէ տեղ կայանել մեքենան, մուտք գործենք այդ համակարգ և տեսնենք՝ պայմանական՝ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ո՞ր հատվածներում կան ազատ մեքենաներ։ Սա բարդ գործընթաց է, բայց կարծում եմ՝ մեզ կհաջողվի»,- ընդգծեց Սիսակ Գաբրիելյանը։
Բացի այդ նախատեսում են Երևանի ավագանուն հնարավորություն տալ, որ առանց պետհամարանիշի կամ փակ համարներով մեքենաների կայանումը կարմիր գծերի վրա արգելվի։
«Ավագանուն տալիս ենք այդ լիազորությունը՝ իր հայեցողությամբ այստեղ լուծումներ գտնել։ Օրինակ՝ դա կարող է լինել վաճառքի և վարձույթի համար նախատեսված մեքենաների համար նախատեսել առանձին հատվածներ և առանձին սակագներ»,- ասաց նա։
Սիսակ Գաբրիելյանը հավելեց, որ նախագիծը դեռ շրջանառության մեջ չեն դրել, ամենայն հավանականությամբ այս շաբաթվա ընթացքում կդնեն, ինչը ենթադրում է, որ նախատեսված ընթացակարգերը պահպանելու պարագայում, այն առաջին ընթերցմամբ խորհրդարան կհասնի մեկուկես ամիս հետո։ Իսկ եթե երկրորդ ընթերցումը չհասցնեն մինչև ամառային արձակուրդները, ապա այն կշարունակվի աշնանային նստաշրջանին։