ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց հարկային տույժերը կրկնակի նվազեցնելու վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը գումարել էր այսօրվա արդեն երկրոդ արտահերթ նիստը: Օրակարգում ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը երկրոդ ընթերցմաբ ընդունելու հարցն էր:
Նշենք, որ Միքայել Մելքումյանն առաջարկում է տնտեսվարողների կողմից հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերը կրկնակի նվազեցնել:
Գործող օրենսգրքով կա նաև կարգավորում, որ եթե 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն է կատարում տնտեսվարողը, հարկային մարմնի ղեկավարը կարող է արգելանք դնել: Պատգամավորն առառաջարկում է այդ շեմը դարձնել 1.5 մլն դրամ:
Իր ելույթում Մելքումյանը նշեց, որ Կառավարության առաջարկով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ևս փոփոխություն կկատարվի, որովհետև սոցիալական վճարներն ու եկամտային հարկը ներկայացվում են միասնական հաշվարկով, հետևաբար, եթե եկամտային հարկի տույժը իջեցվում է՝ պետք է իջեցվի նաև սոցիալական վճարի նկատմամբ հաշվարկվող տույժը:
ԲՀԿ-ն առաջարկում էր նաև արտակարգ ռեժիմի պայմաններում հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում տույժերը ընդհանրապես զրոյացնել կամ օրենքը կիրառել ավելի վաղ ժամանկահատվածի համար՝ օրինակ մարտի 14-ից: Գլխադասային հանձնաժողովում առաջարկը չէր ընդունվել և նախագծում չէր ներառվել, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ մի շարք դեպքերում դա հնարավոր չի լինի իրագործել:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը իրավիճակը համեմատեց խորտակվող նավի հետ, պատգամավոր ասաց՝ իրենց առաջարկների իմաստն այն է , որ նավը հնարավորինս ուշ խորտակվի, քանի որ մեկ է խորտակվելու է.
«Այս համաշխարհային պանդեմիան շատ բան է խորտակելու: Հիմա մենք ասում ենք՝ աջ պահի, ձախ պահի, մի խփիր ժայռին: Թե չէ հայտնվել եք «Տիտանիկի» միջի երաժիշտների դերում, արդեն նավը խորտակվում է, դուք նվագում եք: Հիմա նավը վարում է իշխանությունը: Երբ ասում ես՝ լավ չես վարում, ասում է՝ դուրներդ չի գալիս իջեք նավից: Ո՞ւր իջնենք, չենք գնալու խեղդվենք: Քանի որ նավը մի հատ է, եկեք զգույշ առաջ տանենք, տեսնենք կհասցնե՞նք նավահանգստին»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը: Բագրատյանն ասաց, որ առաջարկը էլի բերելու են Ազգային ժողով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ նախագծին կողմ են քվեարկելու, բայց առաջարկում էին երկրորդ և երրորդ եռամսյակում առհասարակ տնտեսվարողների կողմից չվճարված հարկերի դիմաց գանձվող տույժ-տուգանքները զրոյացնել, մինչդեռ, ըստ Թանդիլյանի, ՊԵԿ նախագահը անիրագործելի է համարում և բերում է տեխնիկական խնդիրներ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ այս նախագծով տնտեսվարողների բեռը էական թեթևացավ:
Ինչ վերաբերում է տույժերն ու տուգանքները մարտ ամսից սկսած չհաշվարկելուն, Թունյանն ասաց, որ հետագայում կարող են քննարկել և ավելի նվազեցնել տույժերն ու տուգանքները, բայց ամբողջությամբ զրոյացնելը արդարության խնդիր առաջ կբերի:
Նախագծի հեղինակ Միքայել Մելքումյանն էլ եզրափակիչ ելույթում ընդգծեց, որ խնդիր ունեն այս անորոշության պայմաններում որոշակիությունը փոքր-ինչ մեծացնել:
Նախագիծը 107 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրոդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։