Կառավարությունը հաստատեց ուսանողների աջակցության ծրագիրը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության այսօրվա նիստում քննարկվեց և ընդունվեց կորոնավիրուսի տարածման հետևանքների չեզոքացման ճգնաժամային 14-րդ միջոցառումը, որի շահառուներն ուսանողներն են:
Ծրագրի շահառուներին Կառավարությունը 3 խմբի է բաժանել: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե որոնք են այդ խմբերը։
- Որոշմանը կից հավելվածում ընդգրկված 21 բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 եւ ավելի տոկոս,
- սույն հավելվածի ցանկում ընդգրկված բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 եւ ավելի տոկոս,
- պետական եւ պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի առկա եւ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները /ուսանողական վարկերի մասով/։
Ավարտական կուրսի ուսանողների երկրորդ կիսամյակի վարձը փոխհատուցվելու է ամբողջությամբ, իսկ եթե արդեն համապատասխան զեղչերից օգտվել են, ապա Կառավարությունը կփոխհատուցի վարձի մնացորդային գումարը:
Երկրորդ խմբում գտնվող ուսանողների վարձը կփոխհատուցվի 70 տոկոսով,-հայտնեց նախարարը: Իսկ եթե արդեն օգտվել են որոշակի զեղչերից, կփոխհատուցվի վարձավճարի մնացորդն ամբողջական:
Երրորդ խմբի շահառուները 80 և ավելի ՄՈԳ ունենալու դեպքում ուսանողական վարկեր կստանան զրո տոկոս տոկոսադրույքով: 80 տոկոսից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողները ուսանողական վարկեր կստանան 4 տոկոսով: Սակայն այս որոշումը վերաբերում է մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին:
Նույնն պայմանները կտարածվեն նաև ուսանողների՝ արդեն գործող վարկերի վրա:
Երրորդ կետում ներառվել են նաև հեռակա համակարգում սովորող ուսանողները:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին 11 150 ուսանողական վարկ ունեցող ուսանողներ կան, եւ հիմա պայմանները բավականին հեշտացվում են բոլորի համար:
Վարչապետն ասաց՝ ստեղծել են բոլոր հնարավորությունները, որպեսզի ուսման վարձի պատճառով որևէ ուսանող համալսարանից դուրս չմնա: