Մանկատների 230 աշխատակցի աշխատավարձը կբարձրանա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության նիստում որոշում կայացվեց բարձրացնել խնամքի տների՝ տուն-ինտերնատների և մանկատների աշխատակիցների աշխատավարձը 30 տոկոսով:
Հարցը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը շեշտեց, որ թեև իրենք առաջնորդվում են երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման սկզբունքով, սակայն այսօր 623 երեխա դեռևս խնամվում է շուրջօրյա խնամքի հաստատություններում, որոնցից 457-ը՝ հատուկ տիպի մասնագիտացված հաստատություններում, ուստի ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով պետք է աշխատավարձերի բարձրացման հարցը հոգալ։
«Հունվարի 1-ից արդեն բարձրացել է շուրջ 700 աշխատակցի աշխատավարձ՝ տարեցների խնամքի հաստատություններում աշխատող, իսկ այս որոշմամբ առաջարկում ենք մայիսի 1-ից բարձրացնել 5 մանկատներում աշխատող աշխատակիցների աշխատավարձը։ Քանի որ հունվարի 1-ից լուծարվել է Վանաձորի մանկան տունը և առաջացել է վերաբաշխում կատարելու անհրաժեշտություն։ Վերաբաշխման արդյունքում նախատեսվում է ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 միլիոն դրամից 36,6 միլիոն դրամը վերաբաշխել մնացած ՊՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նպատակով»,- նշեց Բաթոյանը հավելով, որ բարձրացումը վերաբերելու է շուրջ 230 մարդու, որոնք այս պահին նվազագույն աշխատավարձ են ստանում, նրանց աշխատավարձը շուրջ 30 տոկոսով կավելանա:
Որպես օրինակ Բաթոյանը նշեց, որ դայակի աշխատավարձը, օրինակ, 68 000-ից կդառնա 96000: Կբարձրանա նաև տնօրենների աշխատավարձը:
Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ աշխատավարձերի այս բարձրացումներով խնամքի հաստատություններում գտնվող երեխաներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնում են:
«Երբ մենք փորձում ենք բոլոր ոլորտներում միջոցները ավելի արդյունավետ օգտագործել, մեզ մեղադրում են միջոցներ խնայելու մեջ: Այո, մենք խնդիր ենք դրել, որ պետական միջոցները ծախսվեն հնարավորիս արդյունավետ: Այստեղ խոսքը նաև այն մասին է, թե դայակը ուզում է պատշաճ որակի ծառայություն մատուցել, թե ոչ, ունի բավարար հմտություններ և գիտելիքներ այդ ծառայություններ թե ոչ, այնպես չէ, որ մենք ուզում ենք մարդկանցից փողով վերաբերմունք գնել, ընդհակառակը՝ մենք ուզում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների համար այդ աշխատատեղը գրավիչ դարձնել»:
Վարչապետը շեշտեց, որ ոչ մի բարձր որակավորում ունեցող մասնագետ չի գնա և 50 հազար դրամով չի մտնի այդ ծանր պատասխանատվության տակ: