Մարուքյանը պնդում է՝ ժողովրդի փողից ինչո՞ւ չեք աջակցում ժողովրդին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շարունակում է պնդել, թե ինչո՞ւ Կառավարությունը վերջին երկու տարիների խնայողություններից, որտեղ ըստ նրա՝ կա 100 մլրդ դրամ որևէ պարտավորությունով չծանրաբեռնված փող, չի ուզում աջակցել քաղաքացիներին, որ նրանք անհրաժեշտ ծախսերը հոգան, կոմունալները վճարեն։
«Ժողովրդի փողից ինչո՞ւ չեք աջակցում ժողովրդին։ Մեր առաջարկությունը քննարկվո՞ւմ է Կառավարությունում, ե՞րբ եք առաջարկությունը բավարարելու կամ մերժելու պաշտոնական հրապարակմամբ»,- Ֆինանսների նախարարից հետաքրքրվեց Էդմոն Մարուքյանը։
Ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանն նախ ասաց, թե վստահ չի, որ Էդմոն Մարուքյանին պատասխանն է հետաքրքրում, որովհետև արդեն ստացել է, այլ հարցի գործընթացն է հետաքրքրում, բայց և շարունակեց․
«100 մլրդ դրամ Կառավարությունը իր տրամադրության տակ չունի։ Դուք ասում եք՝ փողի տեղը ցույց եք տվել, բայց ես Ձեզ ասում եմ, որ մենք տարեկան հաշվետվությունը հրապարակել ենք և ներկայացրել ենք գանձապետական միասնական հաշվի մնացորդը, ներկայացված են այդ մնացորդի բաղադրատարրերը և ներկայացված է, թե դրանք ինչ չափով են Կառավարության տրամադրության տակ»։
Էդմոն Մարուքյանը չհամաձայնեց՝ ինքը հարցի պատասխանը չգիտի, ապա առաջարկեց վարչապետի հետ քննարկել, որպեսզի նրանց հայտարարությունները համընկնեն, և տարբեր բաներ չասեն։
«Չգիտեմ, ո՞նց եք Դուք ասում, որ թիրախային է մեր աջակցությունը, երբ որ վարչապետը երեկ ուղիղ եթերում ասաց, որ չենք կարողանում տեղորոշել կարիքավորին։ Գոնե խոսեք իրար հետ, որ ձեր խոսքերը համընկնի իրար հետ»,- նկատեց պարոն Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։