Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գևորգ Պետրոսյանն առաջարկում է սահմանադրական կարգի տապալման դեպքում վաղեմության ժամկետ չկիրառել (տեսանյութ)

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Գևորգ Պետրոսյանն առաջարկում է Քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետ չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքում:

«Անկախ նրանից՝ ե՞րբ է կատարվել, դրանում մեղավոր անձին պետությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների, հնարավորություն ունենան ենթարկել քրեական պատասխանատվության։ Սովորության համաձայն՝ ինչպես իմ մյուս նախագծերը, այնպես էլ սա, հասկանալով, որ կարող է մեծ հնչեղություն ունենալ, ես այս նախագիծը քննարկել եմ իրավաբանական աշխարհի մասնագետների հետ, որոնք միաբերան դրական են արտահայտվել նախագծի վերաբերյալ»,-ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։

Կառավարությունը դեմ է այս օրինագծին։ Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ պատճառաբանել են, որ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում ցեղասպանության, մարդկության, մարդու կյանքի, պատերազմական, ագրեսիայի, զինված ընդհարումների ժամանակ պաշտպանությունից օգտվող անձանց և գույքի դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև խոշտանգման դեմ։

«Ասում են, որ ժամանակն այդքան գնա, ապացույցներն են հնանում, ապացուցման միջոցները կարող են անպետք դառնալ, վկաներն են ծերանում, մոտավորապես այսպես։ Էդպես որ լինի, ուրեմն էն մյուս հանցագործությունների համար էլ չպետք է վաղեմության ժամկետը հանվի։ Էդ ո՞նց է էդ մարդը ապրում, ծերանում է, ապացույցները հնանում են, կորցնում են իրենց երբեմնի հմայքն ու արտաքինը, ու հանկարծ եթե խոսքը վերաբերում է սահմանադրական կարգը տապալելու համար վաղեմությունը հանելուն, էդ ապացույցները վերակենդանանում, գեղեցկանում, թարմանում են և կարող են դրվել քրեական գործի հիմքում»,-շեշտեց պատգամավորը։

Կառավարության դիրքորոշման մեջ նշվում է, որ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու և մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետները չկիրառելը նախագծով հիմնավորված չէ, ուստի և առաջարկվում է նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ։

Մանրամասները՝ տեսանյութում։