Կրկնավարակի դեպք չենք արձանագրել. նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ակադեմիական հանրույթը աստիճանաբար հակվում է այն մտքին, որ կրկնավարակներ կարճ ժամանակում հնարավոր չեն, և մարդը մոտակա ամիսներին երկրորդ անգամ չի կարող վարակվել կորոնավիրուսով»,-Հանրային խորհրդի հետ առցանց քննարկման ընթացքում խորհրդի անդամ Վարդան Մարաշլյանի հարցին ի պատասխան՝ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Շեշտեց, որ երկարատև իմունիտետի մասին խոսք լինել չի կարող:
Նշենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 4-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ կրկնակի վարակման դեպքեր գրանցվել են, այդ թվում նաև Հայաստանում, միևնույն ժամանակ ընդգծել էր, որ ամեն օր թարմ գիտական ինֆորմացիա են ստանում՝ արդյոք դա կրկնակի վարա՞կ է, թե՞ պարզապես եղել է վիրուսի կա՛մ ապաակտիվացում, հետո ակտիվացում, կա՛մ վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքներում:
Նախարարը հայտնեց, որ պլազմայի տարբերակը ևս քննարկվում է հիվանդներին բուժելու համար, բայց այս դեպքում ևս չկա հստակ և ճշգրտված մոտեցում.
«Մենք հիմա մեր հիվանդանոցներից մեկում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչում, զարգացնում ենք արյան ծառայությունը, որպեսզի սկսենք դա փորձնական եղանակով կիրառել»:
Մարաշյանը նաև դիտարկում արեց, որ կարանտինը մարդիկ չեն պահում, և սա ավելի շատ «թավշյա» կարանտին էր, նախարարը այս դիտարմանը արձագանքեց, որ ոստիկանությունը կարող է փողոցում մարդկանց ասել հեռավորություն պահել, բայց սա կարող է փոքր էֆեկտիվություն ունենալ: Շեշտեց, որ մեր հասարակությունը պետք է կարգապահ դառնա՝ ինքնագիտակցությամբ, կրթությամբ:
Ընդգծեց, որ պետությունը վարչական ռեսուրսը խիստ կիրառում է, որպեսզի փակ տարածքներում պահպանվեն կարանտինային կանոնները:
Նախարարն անդրդարաձավ նաև երեկ Արցախի նախագահի երդմնակալությունից հետո ընդունելության խնջույքից տարածված լուսանկարին, որտեղ պաշտոնյաները առանց սոցիալական հեռավորության և առանց դիմակների են, ասաց՝ մեկնաբանություն արդեն հնչել է, բայց հավելեց, որ բոլորը պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն ամեն տեղ, և բոլորը պետք է օրինակ ծառայեն հանրությանը:
Մանրամասները՝ տեսանյութում