«Ինչո՞ւ եք վախենում հանրաքվեից»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում քննարկվում է ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Առաջարկվում է ներդնել հանարքվեի չեղարկման ինստիտուտ:
Ընդդիմադիրները առաջարկվող նախագծին կողմ չեն: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երկրում տիրող ծանր իրավիճակի ֆոնին սա համարում է կեղծ օրակարգ.
«Դուք ուզում եք չեղարկել հանրաքվեն, որից հետո փորձելու եք լուծել ՍԴ-ի հարցը, մենք ասում ենք՝ սա կեղծ օրակարգ է»:
Զոհրաբյանը պնդեց՝ իրենց համար Հրայր Թովմասյանի և ՍԴ-ի այս կազմի հարց չկա, պետք է կենտրոնանալ երկրի սոցիալական և տնտեսական հարցերի վրա.
«Ինչո՞ւ եք վախենում հանրաքվեից»,- հարց բարձրացրեց Զոհրաբյանը:
Պատգամավորն ակնարկեց, որ իշխող խմբակցության համար հանարաքվեի արդյունքները կանխատեսելի են, ուստի չեղարկման նպատակն էլ այդ է:
Նույն հարցը հետաքրքրում էր նաև ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանին՝ ինչո՞ւ պետք է չեղարկել հանրաքվեն, եթե արտակարգ դրությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ վիրուսի տարածվելը կանխված չէ:
Պատգամավորը հորդորեց վերանայել հարցը՝ ինչո՞ւ է օրենքը հիմա բերվել, եթե հնարավոր է հանրաքվե իրականացնել արտակարգ դրության ավարտից հետո:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նախագիծը համարեց ժամանակավրեպ, հորդորեց հանրաքվե անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո:
«Տանում եք ՍԴ-ի հետ կապված ձեր համապատասխան խնդիրների լուծմանը»,-նշեց նա:
ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկեց՝ եթե ժողովրդին թողնում եք գնան մոլեր, ռեստորաններ, թող մի օր էլ գան, ընտրություն անեն, քարոզչությունն էլ կարող է առցանց կազմակերպվել:
Պատգամավորն ակնարկեց՝ եթե ուրիշ բան կա, կարող են բարձրաձայնել:
Իշխանական խմբակցությունից Սուրեն Գրիգորյանը պնդեց՝ իրենց ճիշտ չեն հասկացել ընդդիմադիրները, խնդիրը ոչ թե կոնկրետ այս հանրաքվեն է, այլ առհասարակ այդ ինստիտուտի ներդնումը:
Ընդդիմադիրների պնդումները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տարակուսելի համարեց, նշեց, որ հանրաքվե միևնույնն է՝ լինելու է, բայց ավելի լայնամասշտաբ փոփոխությունների համար, ուստի մտավախություններ չունեն:
Իշխող խմբակցությունից Համազսպ Դանիելյանի և Միքայել Մելքումյանի մեջ բանավեճ սկսվեց, Դանիելյանը ընդդիմությանը մեղադրեց իրավիճակը սրելու մեջ: Պատգամավորը հիշեցրեց՝ համավարակը փոխել է իրավիճակը ամբողջ աշխարհում, և դրված է քաղաքացիների կյանքի հարցը, հանրաքվեն չեղարկելը հենց այս իրավիճակով է պայմանավորված:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, դիմելով ընդդիմությանը, ասաց՝ միշտ կարելի է գտնել ստորակետեր և բայցեր՝ այս կամ այն օրենքը չընդունելու համար:
Սիմոնյանն ընդդիմադիրների ակնարկներին ի պատասխան ասաց՝ հանրաքվե անելու և վստահության խնդիր չունեն, հանրաքվե չեն անում հենց այն պատճառով, որովհտև պատգամավորներն այսօր նիստին դիմակով են նստած: