Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը, տատիկը, պապիկը, մուկը և մնացածը չեն պլստալու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգան Ուլիխանյանը հարց բարձրացրեց Վատիկանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունների վերաբերյալ:

Ուլիխանյանը նկատեց, թե մաքսանենգ երկրի իմիջը բոլորիս վարկանիշի հարցն է, ուստի վարչապետին հորդորեց անդրադառնալ այս խնդրին, միևնույն ժամանակ պատգամավորը հորդորեց իր հարցում ենթատեքստ չփնտրել, քանի որ իր քաղաքական հայացքները  և նկատառումները չեն փոխվել:

Ի պատասխան վարչապետը նախ Ուլիխանյանին հորդորեց չանհանգստանալ սեփական վարկանիշի համար.

«Ինչպես վերջին 10 տարում ձեր վարկանիշը աննկարագրելիորեն բարձր է»:

Այնուհետև անդրադարձավ մաքսանենգության վերաբերյալ իր հասցեին հնչող մեղադրանքներին, ասաց՝ այդ մասին հետաքրքրվողները նախ պետք է հետաքրքրվեն այն քրեական գործով, որը հարուցված է ՊԵԿ-ում Միքայել Մինասյանի գործունեության հետ կապված.

«Ըստ իմ տեղեկությունների՝ Ձեր նշած անձի հովանավորությամբ Հայաստան են ներկրվել ամենատարբեր բաներ՝ գյուղատնտեսական մթերքներ, ճոխության առարկաներ, շինանյութ սելիտրայի անվան ներքո, և դրա հետևանքով ՀՀ-ին պատճառվել է մոտ 20 մլրդ դրամի վնաս»:

Ինչ վերաբերում է Հայաստանից ծխախոտի արտահանմանը, վարչապետն ասաց՝ առնվազն վերջին հինգ տարում այդ համակարգում ոչ մի բան չի փոխվել, և եթե այդտեղ կա պրոբլեմ, ապա այդ պրոբլեմի պատասխանը պետք է պահանջել Միքայել Մինասյանի աներ  Սերժ Սարգսյանից:

Վարչապետը նաև վստահեցրեց, որ եթե Հայաստանից ծխախոտ է արտահանվում այլ երկիր, բայց կանգ է առնում մեկ այլ երկրում, Հայաստանի իշխանությունը դրա հետ ոչ մի կապ չունի:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ իր խոսքով՝ կոռուպցիոներները կսսկվեն վերջին օրերի իրադարձություններից հետո, որովհետև քրեական գործում ներգրավված մեղադրյալի պաշտպանական թիմին օրենքով սահմանված կարգով փոխանցել են տեղեկություններ,  նրանք պետք է իմանան՝ ինչ խորը ցեխի մեջ են, որից պրծնել չեն կարող.

«Սերժ Սարգսյանը, տատիկը, պապիկը, մուկը և մնացածը չեն պլստալու»:

Հիշեցնենք՝ Վատիկանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը վերջին օրերին ֆեսյսբուքյան ուղիղ եթերում պնդումներ էր արել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքի անդամները ներքաշված են մաքսանենգ ծխախոտ արտահանելու գործարքների մեջ: