Գյուղացին վարկունակ չէ, և դրա հիմնական պատճառը երաշխավորության ներկայիս ինստիտուտն է. Ա. Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ինստիտուցիոնալ բարեփոխման ենթարկել երաշխավորության համակարգը մեր երկրում: Խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ներկայացրեց «Քաղաքացիական օրենսգրում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին նախագիծը:
Խաչատրյանի խոսքով՝ շատ հաճախ մարդիկ բանկերից կամ վարկային կազմակերպություններից վարկ վերցնելիս ներկայացնում են երաշխավոր կամ երաշխավորներ, և շատ հաճախ հարևանները բարեկամները ընկերները, բացարձակապես չգիտակցելով իրավական և ֆինանսական հետևանքները, համաձայնություն են տալիս և և վտանգի տակ են դնում սեփական գույքը.
«Մենք ունենք ամբողջ գյուղեր, որոնք արգելանքի տակ են, գրավադրված են բանկերում, մեր գյուղացիները հաճախ հայտնվում են սև ցուցակում, վատթարացնում իրենց վարկային պատմությունը, իսկ անհրաժեշտության դեպքում իրենց տնտեսությունը զարգացնելու համար վարկերի դիմելու դեպքում մերժվում են վատ վարկային պատմության պատճառով»:
Խաչատրյանի գնահատմամբ՝ գյուղացին վարկունակ չէ, և դրա հիմնական պատճառը երաշխավորության ներկայիս ինստիտուտն է:
Նախագծով առաջարկվում է երաշխավորի նկատմամբ միանգամից պահանջ չներկայացնել, այլ վարկը չմարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում, նախ ներկայացնել հիմնական պարտապանին, վաճառել գրավի առարկան և միջոցները չբարարելու դեպքում նոր միայն պահանջ ներկայացնել երաշխավորի նկատմամբ:
Նախագծով առաջարկվում է նաև սահմանել առավելագույն երաշխավորության գումար, որից ավել պահանջ ներկայցվել չի կարող և սահմանել առավելագույն ժամկետ:
Նախագծի հեղինակը այն կարևորեց երաշխավորի իրավական պաշտպանվածությունը բարձրացնելու առումով: