Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան2
A A
Քաղաքականություն

Մեր այսօրը կորսված է, պետք է մտածենք վաղվա մասին. վարչապետ (տեսանյութ)

Ազգային ժողովում մեկնարկել է Խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը․ սկսվել են 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները:

Համատեղ նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զեկույցով հանդես եկավ՝ հեռավար կարգով: 

Նախ արձանագրեց` նախորդ տարին բյուջետային առումով պատմական տարի էր, որովհետև ՀՀ կառավարությանը հաջողվել է ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավել հարկային եկամուտներ գեներացնել:

Նախորդ տարվա տնտեսական աճը ևս աննախադեպ է եղել՝ առնվազն վերջին 12 տարվա կտրվածքով` 7.6 տոկոս,-արձանագրեց վարչապետը՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ չեն հավաքագրել ողջ պոտենցիալը, որովհետև այսօր էլ տարբեր հաշվարկներով ՀՀ-ում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց արդեն հրաժարականի դիմում ներկայացրած ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին`միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս համակարգում կլինեն փոփոխություններ, և կշարունակվեն բովանդակային բարեփոխումները:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` իր գլխավորությամբ ձևավորված Կառավարությունը գործել և գործում է պատմական ժամանակահատվածում:

Չհերքեց,  որ տնտեսական խնդիրներ լինելու են 2020-ին, բայց հորդորեց հետևություններ դեռևս չանել:

Վերահաստատելով իր մոտեցումը` վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց` ճգնաժամը հնարավորություն է ՀՀ-ի համար, և հիմա մենք խորը վերագնահատման փուլում ենք.

«Այսօր մենք հետազոտում ենք անհատի և պետական կարգի հարաբերությունները և մի հարցի առաջ ենք կանգնում` ինչպե՞ս ենք մենք ընկալում մեր պետությունը և պետականությունը, արդյո՞ք մենք մեր ազգային պետությունը դիտարկում ենք որպես պետություն ունենալու մեր կամքի արտահայտություն»:

Վարչապետը շեշտեց` այս ամենի հանդեպ նոր ընկալում պետք է լինի, նոր պետք է լինի ընկալումը նաև պետական բյուջեի հանդեպ։

«Բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը մենք ձևավորում ենք միասին, մեր ընդհանուր կարիքները հոգալու համար: Բյուջեի նոր և հին ընկալումը այն հստակ սահմանն է, որը բաժանում է պետական ժողովրդին ոչ պետական ժողովրդից»:

Պետք է էական փոփոխություն տեղի ունենա պետական պաշտոնյաների աշխատավարձերի և նրանց կատարվող վճարումների վերաբերմունքի համատեքստում,- ասում է Փաշինյանը և այստեղ ևս կարևորում քաղաքացու գիտակցությունը.

«ՀՀ քաղաքացին պետք է ուզենա, պետք է պահանջի, պետք է ցանկանա, պատրաստակամ լինի, որ  պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ այն պայմանով և պայմանավորվածությամբ, որ մենք բացառում ենք Հայաստանում կրկին կոռուպցիոն բուրգի առկայությունը: Դա արտահայտությունն է պետականություն ունենալու կամքի»:

Այս համատեքստում վարչապետը հետևյալ հարցերն է բարձրացնում` մենք մեր ընտանիքի կարիքները հոգալիս ի՞նչ ենք ուզում, ուզում ենք, որ դրանով զբաղվի լա՞վ բժիշկ, թե՝ վատ, մենք ուզում ենք, որ մեզ տեղափոխի լա՞վ վարորդ, թե՝ վատ, շինարարական կարիքները հոգալիս ուզում ենք դա անի լա՞վ արհեստավոր, թե՝ վատ. 

«Այն ենթադրյալ 1 միլիարդ դրամը, որով պետք է ֆինանսավորվի պաշտոնյաների, դատավորների աշխատավարձը, որպես գումար ՀՀ 3 միլիոն քաղաքացիների կյանքում ոչին չի կարող փոխել, բայց այդ գումարով որակյալ պաշտոնյաների, որակյալ ծառայողների վարձելը և ներգրավվելը ՀՀ քաղաքացիների կյանքում շատ շատ էական բաներ կարող է փոխել»:

Ճգնաժամի պայմաններում Փաշինյանը շեշտեց` մեր այսօրը կորսված է, մենք պետք է մտածենք վաղվա մասին:

Հարկային համակարգերի հետ կապված նախատեսվող փոփոխությունները, ըստ Փաշինյանի, շրջադարաձային են, քանի որ մեկ հարց են լուծում.

«Արդյո՞ք 20 տարի հետո մենք ունենալու ենք ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն»: