Բացել լրահոսը Փակել լրահոսը
SI
A A
Քաղաքականություն

Ինչ են որոշել ԲՀԿ-ականներն այսօրվա նիստում

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նիստ է անցկացրել։ «Ա1+»-ը ԲՀ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանից հետաքրքրվեց, թե՞ որն էր նիստ անցկացնելու պատճառը, ի՞նչ հարցեր են քննարկվել, արդյո՞ք շարունակում են պահանջել կառավարության հրաժարականը։

«Դա մեր հերթական նիստն էր, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել։ Ընդամենը առօրյա հարցերի քննարկում, ոչինչ ավելին։ Կառավարության հրաժարականը պահանջել ենք ի սկզբանե, երբ որ պարոն Ծառուկյանը ելույթ է ունեցել և ասել է․

«եթե տարի ու կես առաջ ասել եմ, որ 97 տոկոսը պետք է փոխվի, հիմա արդեն ասում եմ, որ 100 տոկոսը պետք է փոխվի»։ Սա նշանակում է, որ կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև նրանք ձախողել են, ոլորտ առ ոլորտ պարոն Ծառուկյանը նշել է։ Այսինքն՝ մենք նոր որոշելու բան չունենք։ Որևէ նոր որոշելիք այս նիստում չի եղել»,- ասաց պատգամավորը։

Ճշտող հարցին, թե վերահաստատո՞ւմ են  Ծառուկյանի ելույթում հնչեցրած մտքերը, պատասխանեց, որ այո, դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա, նախկին հայտարարության մասով քննարկում չի եղել այսօրվա նիստին, քննարկումները եղել են առաջիկա անելիքների հետ կապված և առհասարակ այն արձագանքների, որոնք որ քաղաքական ուժը ստացել է համախմբման կոչին ի պատասխան։

«Բայց այդ մասին դեռևս ոչ մի բան չեմ ասի, երբ որ, ինչպես արդեն հայտարարել ենք, մի քանի օր է՝ քննարկումները մեկնարկել են, երբ որ քննարկումները կավարտվեն, մենք էլի համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք»,- շարունակեց Իսայանը։

Պատգամավորի խոսքերով՝ սա ոչ թե հրատապ, այլ հերթական նիստ է եղել։ «Այն, ինչը որ ասել է պարոն Ծառուկյանն իր հայտարարությամբ, միանշանակ է, և դրան մենք ընդհանրապես չենք էլ անդրադարձել։ Մեր առաջիկա անելիքների մասին ենք քննարկումներ արել։ Քննարկումներ ենք սկսել, քննարկումներն ավարտվեն, հետագայում հանդես կգանք հայտարարությամբ»,- եզրափակեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը։