Ոստիկանության գործողությունները արդարացված չեն, կիրառվում է անհամաչափ ուժ. Խաժակյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍա հակազդեցության գործընթաց է և իշխանությունները օգտագործում են արտակարգ դրության ռեժիմը այդ հակազդեցությունը ճնշելու համար,-այս մասին հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցների բերման ենթարկելու իրադարձություններին:
Նա ԱԱԾ շենքի մոտ էր։
Խաժակյանը շեշտեց՝ այս դեպքերի քաղաքական կամ իրավական լինելու վերաբերյալ դիրքորոշում կհայտնեն միայն նյութերին ամբողջ ծավալով ծանոթանալուց հետո: Հայտնեց՝ ԼՀԿ-ի քաղխորհուրդը արտահերթ նիստում կքննարկի և երեկոյան դիրքորոշում կհայտնի:
Նրա տպավորությամբ՝ ոստիկանության գործողությունները արդարացված չեն և կիրառվում է անհամաչափ ուժ.
«Իշխանությունը պահը օգտագործել է, կիրակի օրով արտակարգ դրության պայմաններում հարուցել է մի գործընթաց, որի շուրջ համոզած էր, որ լինելու էր հակազդեցություն»:
ԼՀԿ պատգամավորները ոստիկանական բաժանմունքներում են,-հայտնեց Խաժակյանը:
Ինչ վերաբերում է մեղադրանքում ընտրակաշառքի դրվագին, Խաժակյաը հիշեցրեց, որ նախընտրական բանավեճի ընթացքում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Գագիկ Ծառուկյանին հարց է ուղղել քաղաքականության և բիզնեսի տարանջատման մասին և այս մասով իրենց տեսակետը հայտնել են:
Խաժակյանը չժխտեց, որ ընտրակաշառքի երևույթներ եղել են, և դրանք հստակ քաղաքական կամ իրավական գնահատականի չեն արժանացել նախկին իշխանությունների կողմից:
Հիշեցրեց, որ իշխանությունը հուշագիր է ստորագրել Ծառուկյանի հետ, մինչդեռ երկու տարի անց հիշել է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել:
«Ես չեմ զարմանա, եթե իշխանությունը շատ-շատ տրցակներ ունենա տարբեր ուժերի ներկայացուցիչների վերաբերյալ, որոնց վեր հանման հարմար պահի են սպասում»:
Նրա գնահատմամբ՝ այս գործելաոճը բնորոշ է ոչ թե ժողովրդավար այլ, ավտորիտար երկրին:
«Իշխանության վարկանիշը ազատ անկում է ապրում»: