Չպիտի լինեն մերձավոր օլիգարխներ, թշնամի օլիգարխներ. Գեւորգ Գորգիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրկակի ստանդարտներն անընդունելի են։ «Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, նման տեսակետ հայտնեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Այն փուլում, երբ իշխանությանը ձեռնտու էր, որպեսզի ԲՀԿ-ն լինի խոշոր սեփականատեր և քաղաքական գործիչ, այլ ոչ թե օլիգարխ և ընտրակեղծարար, նրանց համար խոշոր սեփականատեր էր, բարերար և քաղաքական գործիչ»։
Գորգիսյանը կարծում է՝ ԲՀԿ ղեկավարի վերաբերյալ հարուցված քրեական գործերը այս փուլում հարուցվել են՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով․
««Լուսավոր Հայաստանը» կողմ է, որպեսզի բիզնեսը տարանջատվի քաղաքականությունից, որպեսզի բոլոր ընտրակեղծարարները պատժվեն, բոլոր հանցագործները պատժվեն, բայց երբեք այդ ամենը չպիտի արվի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այդ ամենը պիտի արվի օրենքի տառին համապատասխան, և օրենքի առաջ բոլորը պիտի լինեն հավասար։ Չպիտի լինեն մերձավոր օլիգարխներ, թշնամի օլիգարխներ, չպիտի լինեն սեփական հանցագործներ, ուրիշի հանցագործներ»։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը կարծում է, որ իշխանության արած քայլերը հրահրում են զանգվածային միջոցառումներ այս պայմաններում։