Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարծում եմ՝ ՍԴ ներկայիս կազմը չի հասցնի քննել Քոչարյանի դիմումը. Տիգրան Եգորյան (տեսանյութ)

Արդյո՞ք Սահմանադրական դատարանը հուլիսի 7-ին կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը, ինչպես որոշվել է երեկ։

 «Հինգ հոգանոց կազմով ՍԴ-ն կարող է կայացնել որոշումներ, բայց կան հարցեր, որոնք վերաբերում են վեց հոգանոց կազմով կայացվող որոշումներին։ Հուլիսի 7-ի նիստում այս հարցը չի քննվի»,-կարծում է  Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը՝   նկատի ունենալով հանգամանքը, որ   Սահմանադրական դատավորների վերաբերյալ օրենքը ուժի մեջ  կարող է մտնել մինչեւ հուլիսի 7-ը։

Երեկ երբ ԱԺ-ն որոշում էր դատավորներից երեքին ուղարկել թոշակի, իսկ Հրայր Թովմասյանին զրկել ՍԴ նախագահի  պաշտոնից,  երկրի գերագույն դատարանը որոշեց  Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ  գործի քննության օրը։

ՍԴ քննության արդյունքն արդեն կանխատեսելի է փաստաբան Տիգրան Եգորյանի համար, եթե քննողը լինի գործող կազմը.

 «Եթե  այս պահին ունենք հստակ դիրքորոշում ունեցող դատավորներ, ապա  այլ կազմը մեզ հույս  կտա ունենալ  անաչառ, անկողմնակալ գործընթաց։ Միգուցե և չարդարացվի այդ հույսը, բայց ամեն դեպքում հույս ունենք»։

ՍԴ դատավոր  Ալվինա Գյուլումյանն այսօր հայտարարել է, թե օրենքն իր վրա չի անդրադառնալու, թեեւ ինքը 12 տարվա ՍԴ դատավորի փորձառություն ունի։ ՍԴ դատավորի պաշտոնում՝  երկու նշանակումների արանքում տիկին Գյուլումյանը աշխատել է ՄԻԵԴ-ում։ Նրա  վերջին նշանակումը եղել է 2014թ-ին։

«Դրանք նախնակական հայտարարություններ են, իր պաշտոնավարման հարցը ինքը չէ, որ որոշելու է։ Նա կարող է արտահայտել միայն իր սեփական դիրքորոշումը»,-ասաց Տիգրան Եգորյանը, որը լրագրողների հարցերին պատասխանեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստից հետո։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող նիստը կարճ  տեւեց եւ հետաձգվեց մինչեւ հունիսի 30-ը։  Հետաձգման  պատճառը  գործով ամբաստանյալ  Յուրի Խաչատուրովի Միհրան Պողոսյանի ներկա չլինելն է։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն  հունիսի 19-ից ազատության մեջ է՝  խափանման միջոցի փոփոխման արդյունքում։