Հինգ անձ խախտել է ինքնամեկուսացման կանոնները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է, որ կորոնավիրուսով վարակված անձինք խստագույնս պահպանեն ինքնամեկուսացման ու մեկուսացման կանոնները։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողները, համագործակցելով պատկան այլ մարմինների հետ, հսկողություն են իրականացնում մեկուսացման ու ինքնամեկուսացման վայրերում։ Խախտումներն առաջացնում են օրենքով նախատեսված վարչաիրավական ու քրեաիրավական հետևանքներ։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման 132 դեպք, իսկ երեկ իրականացված ուժեղացված ստուգայցերի ընթացքում հինգ դեպք, որոնց փաստերով հարուցվել է վարչական վարույթ։ Կոտայքի մարզի երեք բնակիչ, որոնք գտնվել են ինքնամեկուսացման մեջ, տնից դուրս են եկել՝ խանութ գնալու, սակայն բակում ծառայություն կատարած ոստիկանները թույլ չեն տվել։ Տավուշի մարզի մի բնակիչ ևս տնից դուրս է եկել՝ խանութ գնալու։ Լոռու մարզի բնակիչներից մեկն էլ խախտել է ինքնամեկուսացման կանոնները՝ աշխատանքի գնալու համար։
Ոստիկանության ծառայողները պարզել են նաև, որ ինքնամեկուսացման կանոնները խախտած անձինք, նախնական տվյալներով՝ այլ անձանց հետ չեն շփվել։ Հիշեցնենք, որ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը առաջացնում է վարչական պատասխանատվություն` 100-ից 200 հազար դրամի չափով։ Եթե այդ կանոնների խախտման պատճառով առաջացել է անձի վարակում, անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացել է երկու կամ ավելի անձանց վարակում կամ անզգուշությամբ առաջացել է մարդու մահ, ապա հարցը տեղափոխվում է քրեական պատասխանատվության դաշտ։ Հարգելի՛ քաղաքացիներ, խստագույնս պահպանեք մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները և ոչ իրավաչափ վարքագծով մի՛ վտանգեք այլոց առողջությունը։