Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարների հանդիպումը (տեսանյութ)

Հուլիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցությունների ծրագրի կատարման ընթացքի առնչությամբ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած տեսակոնֆերանսին: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշեց. «Մեզ համար սա լավ առիթ է՝ Արցախի նորընտիր իշխանությունների հետ ավելի առարկայական խորհրդակցելու և համադրելու մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթությունների շուրջ առկա դիրքորոշումները, և առաջին հերթին, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում»: Ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացին Արցախի նորընտիր իշխանությունների ներգրավվման անհրաժեշտությունը՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ՀՀ կառավարությունը և վարչապետը մշտապես կարևորել են Արցախի լիարժեք մասնակցությունը խաղաղ գործընթացում: «Նախևառաջ դա զուտ գործնական հարց է, որովհետև խաղաղ կարգավորումը վերաբերում է Արցախի ժողովրդին: Սա անհերքելի իրողություն է, որը պահանջում է Արցախի ժողովրդի և նրանց կողմից ընտրված իշխանությունների ավելի ընդգծված ներկայություն և վերջիններիս մոտ խաղաղ գործընթացի հանդեպ սեփականության զգացման ամրապնդում»: Խաղաղ գործընթացի միջավայրի ձևավորման և Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտության համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշեց. «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ խաղաղ կարգավորումը որևէ այլընտրանք չունի: Ասելով դա՝ ընդգծում ենք նաև, որ և՛ Արցախի ժողովուրդը, և՛ Արցախի իշխանությունները ավելի քան վճռական են պաշտպանելու իրենց անվտանգությունը, իրենց անկախությունը և իրենց զարգացման իրավունքը»: Նույն օրը ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպում ունեցավ նաև Արցախի ԱԳՆ անձնակազմի հետ, որի ընթացքում ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներն ու մոտեցումները, ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։