Սահմանահատման ոտնձգությունները ՀՀ-ի նկատմամբ անտրամաբանական են. պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսպիսի գործողություններ Ադրբեջանի կողմից առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում, այդ թվում նաև ՀՀ-ի նկատմամբ: Թե ինչով է պայմանավորված՝ կարող եմ ենթադրել, որ կապված է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը:
Պատգամավորը հավելեց, որ թեև Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանի նկատմամբ անտրամաբանական են, բայց մեր խնդիրը դրանց պատճառների որոնումը չէ, այլ ՀՀ սահմանները անառիկ պահել, ինչը և իրականացնում են ՀՀ զիված ուժերը.
«ՀՀ-ն իրականացրել է ՀՀ պաշտպանունակությանն ուղղված զինուժի էական բարելավումներ, որը լայնածավալ պատերազմական գործողությունները արգելակող գործոն է»,-ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ ՀՀ-ի դեմ ուղղված ցանկացած մեծ ռազմական գործողություն արժանանալու է համարժեք հակահարվածի և ռազմական գործողությունների օրվա և տեղանքի վերաբերյալ որոշումները այսուհետև կայացվելու են ՀՀ մայրաքաղաք Երևանում ՀՀ ժողովրդի վստահության քվեն ստացած Կառավարության կողմից:
Ադրբեջանի գործողությունները պատգամավորը արկածախնդրություն որակեց այն պատճառով, որ ՀՀ-ն ՄԱԿ-ի անդամ երկիր է, և ՀՀ սահմանները միջազգայնորեն ճանաչված են անձեռնմխելի.
«Ադրբեջանական գործողությունները որևէ տրամաբանություն չունեն, դրանց տրամաբանությունը հասկանալն իրոք բարդ է, որովհետև ինքնագանցով փորձել են անցնել: Սահմանահատման ոտնձգությունները ՀՀ-ի նկատմամբ, իրոք, անտրամաբանական են»: