Ինչո՞ւ թույլ չի տրվում քաղաքացիներին վերադառնալ հայրենիք սեփական մեքենաներով. Մարուքյանը՝ Ավինյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրտակարգ դրությունը կարող է երկարաձգվել այնքան ժամանակ, քանի դեռ այն սպառնալիքը, որի պատճառով արտակարգ դրություն է հայտարարված, չի վերացել: Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկումներին ի պատասխան, թե իրավական առումով արտակարգ դրության երկարաձգումը խնդրահարույց է:
Ինչ վերաբերում է Մարուքյանի հարցադրմանը, թե ի՞նչ խնդիր է լուծում այսօր արտակարգ դրությունը, Ավինյանը նշեց, որ անհրաժեշտ է պահպանել այսօր գործող բոլոր սահմանափակումները:
Պարետը նաև տեղեկացրեց՝ արտակարգ դրությունը հանելուց հետո անցում ենք կատարելու արտակարգ իրավիճակի ռեժիմի, ինչը ենթադրում է ավելի թույլ սահմանափակումներ.
«Մենք կանոնների պահպանման ուրիշ մեխանիզմ չունենք»:
Մարուքյանը հիշեցրեց, որ այս պայմաննենրում նույնիսկ մեկ հոգանոց ակցիան թույլ չեն տալիս, մինչդեռ սրա մասին որևէ տեղ ամրագրված չէ:
ԼՀԿ ղեկավարի մյուս հարցադրումը ՌԴ-ից մեքենաներով Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիների մասին էր, հետաքրքրվեց՝ ինչո՞ւ թույլ չի տրվում քաղաքացիներին վերադառնալ հայրենիք սեփական մեքենաներով:
Ի պատասխան Ավինյանը նշեց.
«Դա միայն ՀՀ կառավարարության որոշելիքը չէ և մենք հնարավորինս փորձում ենք ՀՀ վերադառնալ ցանկացող բոլոր քաղաքացիների խնդիրը լուծել փուլային տարբերակով, այդ խնդիրը ունի բազմաթիվ կոմպոնենտներ, որոնք միայն մեզ հետ չէ, որ կապված են»: