Տեղեկատվական դաշտում հակառակորդը թիրախավորել է ամենաթույլ օղակին. մասնագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ադրբեջանցի հաքերների թիրախում մեր հասարակության ավելի լայն զանգվածներն են՝ թե՛ կիբերհանցագործության տեսանկյունից, թե՛ հոգեբանական տեղեկատվական առումով,-«Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «CyHub Armenia» նախագծի ՏՏ փորձագետ Ալեքսեյ Չալաբյանը՝ հավելելով, որ ոլորտի մասնագետները բավականին պատրաստված են։
Չալաբյանը շեշտում է, որ հասարակության լայն շերտերի տեղեկացվածության խնդիրը մեր ամենաթույլ տեղն է․
«Համակարգի ընդհանուր անվտանգությունը պայմանավորված է ամենաթույլ օղակի անվտանգությամբ, այսինքն, եթե մենք ունենք շատ լավ պաշտպանված սերվերներ, շատ լավ մասնագետներ, բայց մեր օգտագործողները պաշտպանված չեն, գրագետ չեն, այդ դեպքում համակարգի անվտանգությունը կտրուկ իջնում է»։
Մասնագետի խոսքով՝ հակառակորդին, այնուամենայնիվ, չի հաջողվում խուճապային տրամադրություններ հարուցել մեր հանրության շրջանում, ինչը պայմանավորված է նրանց ոչ գրագետ մոտեցմամբ, նաև մեր պետական գերատեսչությունների նկատմամբ հանրության վստահությունով․
«Եթե ՊՆ-ն թափանցիկ չաշխատեր, ապա թշնամու գործողությունները շատ ավելի արդյունավետ կլինեին, այսինքն՝ կամաց-կամաց մարդիկ հասկանում են, որ ամեն գրվածի չէ, որ պետք է հավատալ, բայց իհարկե , շատ հեռու ենք գրագետ մոտեցումներից»։
Այսօրվա իրավիճակը, ըստ մասնագետի, համեմատելի է 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ընթացքում տեղեկատվական դաշտում ստեղծված իրավիճակի հետ։
«Կա նաև հակառակորդից մեկ քայլ առաջ լինելու անհրաժեշտություն, այսինքն՝ մենք պետք է ոչ թե ռեակտիվ պատասխանենք, այլ փորձենք նախապես հասկանալ՝ իրենք ինչ կարող են անել»։