Նիկոլ Փաշինյանը պարտավոր է վերադարձնել հայ-ռուսական հարաբերությունները. Արամ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունը պարտավոր է վերականգնել ՌԴ-ի հետ հարաբերություններն այն մակարդակին, ինչպիսին եղել է 20 տարվա ընթացքում։
Ասում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը.
«Սա պարտադիր հանգամանք է, որովհետև եթե դուք նեղ օրերին եք հիշում, որ ձեր դաշնակից երկիրը ձեզ պարտական է օգնել ու հետո, երբ քաղաքական ձեր երկինքը ամպամած չի, դուք արդեն մոռանում եք դրա մասին ու սկսում եք հոխորտալ ձեր դաշնակից երկրի վրա, ուրեմն կնշանակի, որ պետք է հասկանաք, որ նա էլ պատասխան կտա և շատ ցավալի կլինի այդ պատասխանը»։
Համացանցում բուռն քննարկումների առիթ դարձած ռուսաստաբնակ լրագրող Մարգարիտա Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը նա պատահական չի համարում։ Ըստ նրա՝ «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիրն ասել է այն, ինչի մասին խոսում են Ռուսաստանի վերնախավում։
«Եթե որևէ մեկը չի հասկանում, ուրեմն տգետ է, եթե որևէ մեկը չի հասկանում, ուրեմն Հայաստանի շահերին դեմ է գնում, որովհետև որևէ մեկը այսօր չի կարող փոխարինել Ռուսաստանի այն մեծագույն գործոնը, որն ինքը ունի մեր տարածաշրջանում, և սա պետք է լավ հասկանա մեր հայ ժողովուրդը»,- ասել է Սարգսյանը։
Նա հռետորական հարց է հնչեցնում՝ չի՞ զարմացնում, որ չկա զանգ Ռուսաստանի նախագահից։
Այսպիսի լարված վիճակում, ըստ նրա, Պուտինը անպայման հեռախոսազրույց կունենար ՀՀ-ի ղեկավարի հետ. «Միանշանակ է դա, ու՞ր է, էս վերաբերմունքը դուք հասկանու՞մ եք ինչի է տանելու, ուրեմն կնշանակի, որ նրանք ձեզ բացահայտ ասում են, որ դուք մեզ արդեն դաշնակից չեք, միանշանակ կնշանակի, որ նրանք ասում են, որ չենք պատրաստվում միակողմանի լինել»։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահը դիմում է քաղաքական կուսակցություններին՝ նշելով, որ անհրաժեշտ է ժամանակավոր պետական խորհուրդ ձևավորել՝ համադրելով բոլորի հնարավորությունները։