Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բարձր բալերը չեն երաշխավորում համալսարան ընդունվելը. ԱԿՑԻԱ (տեսանյութ)

Բուհեր  չընդունված դիմորդներն ու իրենց ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում ԳԹԿ-ի, ապա ԱԺ-ի դիմաց։

Ըստ նրանց՝ միասնական  մեկ  քննության արդյունքում ցածր բալեր հավաքած դիմորդներն ընդունվել են, իսկ բարձր ցուցանիշ ունեցողները՝ ոչ։

 «Քննությունից հետո մենք նամակ ենք ստանում՝ շնորհավորում ենք, դուք ընդունված եք, իսկ հաջորդ օրը մեկ այլ հաղորդագրությամբ իմանում  ենք, որ չենք ընդունվել,-նշեց դիմորդներից մեկը,- անհասկանալի է՝ յութ ու կես հավաքածը ընդունվում է նախընտրած մասնագիտությամբ, մենք տասնվեցով չենք ընդունվում կամ էլ ընդունվում ենք այնպիսի տեղ, որը չենք ուզում»։

Եթե մինչ այս առաջին հայտի համար անբավարար բալեր հավաքելու դեպքում դիմորդն ավտոմատ կերպով ընդունվում էր երկրորդ և հաջորդող հայտերում նշված տեղերը, ապա այս անգամ ընդունման կարգը այդպես չի եղել։

Դիմորդների ծնողների հավաստիացմամբ այս տարվա ընդունելության ընթացակարգերի փոփոխությունների մասին որևէ կերպ տեղեկացված չեն եղել, անհասկանալի է՝ ինչ տրամաբանությամբ է ուղորդվում գնահատման և թեստավորման կենտրոնը։

Ի հակադրում դիմորդների և ծնողների ԳԹԿ-ից  հավաստիացրել են, որ բոլոր փոփոխությունների մասին իրազեկում եղել է, այդ մասին խոսել է նույնիսկ   նախարար Արայիկ Հարությունյանը։ Դիմորդների ընդունման այսպիսի եղանակը հնարավորություն է, որպեսզի նա մասնագիտության ընտրության հարցում ավելի կողմնորոշված լինի։

 Բացի այդ՝ այսօրվանից ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։

Ազգային ժողովի դիմաց ակցիայի մասնակիցների նպատակն էր հրավիրել պատգամավորների ուշադրությունը խնդրին, քանզի ԳԹԿ-ի  բացատրությունները նրանց չեն բավարարում։

Մասնակիցների բողոքներն ու պահանջները լսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ով հավաստիացրեց, որ ինքն ու իր գործընկերները հնարավորության սահմաններում կփորձեն պաշտպանել դիմորդների շահերը.

«Ես ու իմ գործընկերները կապ կհաստատենք ԳԹԿ-ի, ԿԳՄՍ նախարարության հետ՝ հասկանալու, թե որն է խնդիրն ու թերացումը։ Կհրավիրենք քննարկում, որին կմասնակցեն նաև դիմորդների ծնողներն ու դիմորդները, կներկայացնեն իրենց պահանջները»։

Պատգամավորի խոսքով թեև հստակ չի, թե պետական որ մարմինն է պատասխանատու ստեղծված իրավիճակում, սակայն կարծում է, որ նման բարդությունները կապված են միասնական քննությունների միայն մեկ քննության անցկացման հետ։