Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանն ու Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը։ Մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների ընտանիքում բռնության կանխարգելման և անչափահասների գործերով բաժանմունքների ու հերթապահ մասերի պետերը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ընտանեկան բռնության և անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Նելլի Դուրյանն այս համատեքստում վեր հանեց առկա խնդիրները՝ առաջարկելով կոնկրետ լուծումներ՝ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Հատուկ անդրադարձ կատարվեց կանխարգելիչ բնույթի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտությանը։ Այս առումով կարևորվեց անչափահասների գործերով ծառայողների և տարածքային բաժինների այլ ստորաբաժանումների ծառայողների միջև ակտիվ համագործակցությունը։
Արմեն Գասպարյանը, խոսելով վեր հանված խնդիրներից, ընդգծեց, որ ոլորտը կարգավորող օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում արդյունավետ պայքար մղել ընտանեկան բռնությունները կանխելու առումով, ուստի պետք է արվի առավելագույնը՝ նման դեպքերը նվազագույնի հասցնելու համար։ Նմանօրինակ խորհրդակցություններ նախատեսվում է անցկացնել նաև ոստիկանության մարզային ստորաբաժանումներում։