Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Իշխանությունը հակված է շահագործել Ամուլսարի հանքը, սակայն այսօր լռում է՝ վախենալով ժողովրդի ցասումից. ակտիվիստ (տեսանյութ)

«Մեզ առանց զգուշացման, բռնություն գործադրելով վարչական ձերբակալման ենթարկեցին՝ որևէ բացատրություն չտալով՝ որն է մեր գործողություններում ոստիկանությանը չենթարվելը»։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ակտիվիստ Արման Ղարիբյանը. նա մեկն է այն ակտիվիստներից, որոնք երեկ ԱԺ-ի մոտից բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունք։

Հիշեցնեք՝ երեկ «Զբոսանք ու գործնագործ հանուն Ամուլսարի» միջոցառման մասնակիցները հավաքվել էին Ազգային ժողովի դարպասների մոտ և գնդակով խաղում էին։ Երբ նրանք խաղի ընթացքում սկսեցին վանկարկել «Ամուլսար, միայն սար», ոստիկանությունը միջամտեց և հավաքվածների մեծ մասին բերման ենթարկեց։

Ղարիբյանի խոսքով՝ ինչ-որ մի պահից ոստիկանությունը որոշեց, որ եթե խաղի ընթացքում ինչ որ մեկը գոռում է «Ամուլսար» կամ «Ամուլսարը սար է», դա հավաք է, և այդ անձին պետք է բերման ենթարկեն․

«Ոստիկանությունը ունի հրաման, որ ցանկացած մարդ, ով կասի Ամուլսար, իրեն տանեն, բայց կարևոր տարբերություն կա՝ եթե ասում են՝ Ամուլսարը պիտի հանք դառնա, մենք ուզում ենք աշխատել, իրենց կարելի է բողոքել»։

Ղարիբյանը պնդում է՝ Ազգային ժողովի դարպասները իրենց առաջ փակել էին դիտավորյալ և ներկայացրել ծիծաղելի մեկնաբանություն․

«Կեղծ պատճառաբանություն բերեցին, որ ուղղակի մեզ թուլ չտան լինել ԱԺ այգում, այն այգում, որը նվաճել ենք մեր մարմինները պայքարի մեջ դնելով»։

Ակտիվիստը համոզմունք ունի, որ իշխանությունը հակված է շահագործել Ամուլսարի հանքը, սակայն այսօր լռում է, որովհետև վախենում է ժողովրդի ցասումից․

«Իշխանությանն այսօր ձեռնտու է Սերժի արած գործարքի հիման վրա ներդրում ստանալ, քանի որ իրենք չկարողացան առանձնապես ներդրումներ բերել, մնացել են Սերժի հանցավոր գործարքների հույսին և փորձում են ճնշել բոլոր այն մարդկանց, ովքեր կդիմադրեն, կպայքարեն դրա դեմ»։

Արման Ղարիբյանն «Իմ քայլը» խմբակցության լռության մասին է խոսում, ասում է՝ նրանք ևս հրահանգ ունեն լռելու կամ առվազն իրենք իրենց ցենզուրայի են ենթարկում, և վախենում են խոսել Նիկոլ Փաշինյանի դեմ․

««Իմ լռությունը» խմբակցություն նրանց կարելի է կոչել և ամոթանք տալ՝ ասելով՝ դուք, որ մեզ հետ հավասար ոստիկանության կողմից բռնության էիք ենթարկվում տարիներ առաջ, այսօր փափուկ տեղերում նստած եք, իսկ ձեր պայքարակից ընկերները բռնության են ենթարկվում, և դուք մեկ բառ անգամ չեք համարձակվում ասել»։

Իշխանության վարկանիշը Ջերմուկում գնալով նվազում է,- վստահեցնում է Ղարիբյանը՝ հավելելով, որ փոխարենը չի պակասում ջերմուկցիների՝ պայքարելու վճռականությունը։

Ղարիբյանի պնդմամբ՝ իշխանությունում կան մարդիկ, ովքեր խիստ շահագրգռված են Ամուլսարի շահագործմամբ․

«Տիգրան Ավինյանը, Արմեն Սարգսյանը ակնհայտորեն շահագրգռված են, որ այս հանքը աշխատի»։

Ինչ վերաբերում է իրավիճակի հնարավոր ելքերին, ակտիվիստն արձանագրում է․

«Եթե կառավարությունը մնա հաստատակամ հանքը շահագործելու իր մտադրության մեջ, ապա առնվազն Ամուլսարի պոստերի շրջակայքում արյունահեղություն է լինելու: Ես եղել եմ պոստերում, այնտեղի մարդկանց հետ շփվել եմ, իրենք իսկապես հետքայլի տեղ չունեն»։