Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Բավարիա» - «ՊՍԺ»՝ 1:0. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը թվերով և փաստերով

Մյունխենի «Բավարիան» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչում 1:0 հաշվով հաղթելով Փարիզի «ՊՍԺ»-ին, երկրորդ անգամ իր պատմության մեջ մի մրցաշրջանում նվաճեց բոլոր երեք մրցանակները: Վերջին անգամ մյունխենցիները մեկ տարում երկրի չեմպիոն, գավաթակիր և չեմպիոնների լիգայի հաղթող էին դարձել 2013 թվականին. Յուպ Հայնկեսի գլխավորությամբ:

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը 6-րդ մասնագետն է, ում հաջողվեց հաղթել բոլոր մրցաշարերում: Մինչ այդ նման «հեթ-տրիկ» էին գրանցել իսպանացիներ Պեպ Գվարդիոլան, Լուիս Էնրիկեն, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնը և վերը նշված գերմանացի Յուպ Հայնկեսը:

«Բավարիան» չեմպիոնների լիգայի պատմության մեջ դարձավ առաջին թիմը, որը հաղթանակ տարավ մեկ մրցաշարում անցկացրած բոլոր խաղերում: 11 հանդիպումից բաղկացած մյունխենցիների ֆանտաստիկ հաղթարշավն այսպիսի տեսք ունի.

«Բավարիա» - «Ցրվենա Զվազդա»՝ 3:0

«Տոտենհեմ» - «Բավարիա»՝ 2:7

«Օլիմպիակոս» - «Բավարիա»՝ 2:3

«Բավարիա» - «Օլիմպիակոս»՝ 2:0

«Ցրվենա Զվեզդա» - «Բավարիա»՝ 0:6

«Բավարիա» - «Տոտենհեմ»՝ 3:1

«Չելսի» - «Բավարիա»՝ 0:3

«Բավարիա» - «Չելսի»՝ 4:1

«Բարսելոնա» - «Բավարիա»՝ 2:8

«Լիոն» - «Բավարիա»՝ 0:3

«ՊՍԺ» - «Բավարիա»՝ 0:1

 

Հավելենք, որ այդ խաղերից 7-ում գերմանական ակումբը խոշոր հաշվով հաղթանակ է տարել:

 

Փարիզի «ՊՍԺ»-ն դարձավ թվով 41-րդ թիմը, որ հանդես եկավ չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Լիգայի պատմության մեջ միայն մեկ ակումբի է հաջողվել անմիջապես հաղթել իր անդրանիկ եզրափակիչում: Դա Դորտմունդի «Բորուսիան» է, որը 1997 թվականի եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր իտալական «Յուվենթուսին»: Դրանից հետո բոլոր յոթ նորեկներն անհաջողության են մատնվել:

 

Եվ վերջինը: «Բավարիան» այդ խաղում խփել է թվով 500-րդ գոլը չեմպիոնների լիգայում: Այդ ցուցանիշով գերմանացիներն առայժմ զիջում են իսպանական «Ռեալին» (567 գոլ) ու «Բարսելոնային» (517):