Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի․ ընդունվեց կարանտին սահմանելու հնարավորություն տվող փաթեթը (տեսանյութ)

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի և գործադիրին կարանտին սահմանելու հնարավորություն կտրվի: Նախագիծն ընդունվեց 70 «կողմ» և 19 «դեմ» ձայներով:

 ------------

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 4-ին գումարել է արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով մեկ օրենսդրական նախաձեռնություն: Խորհրդարանի որոշմամբ Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը քննարկվել է հատուկ ընթացակարգով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո այն երկրորդ ընթերցմամբ քննարկվել է քսանչորս ժամվա ընթացքում:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավորի  մանդատն օրեր առաջ  վայր էր դրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Շնորհակալություն հայտնելով եւ բարեմաղթանքներ հղելով Մանե Թանդիլյանին համագործակցության համար՝ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ ստացվել է ԿԸՀ-ի  թիվ 5 արձանագրությունը, ըստ որի՝ այդ մանդատը   տրամադրվում է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու  Ստեփան Ստեփանյանին: ԱԺ կազմը համալրած պատգամավոր Ստեփան Ստեփանյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ խորհրդարանի նիստում երդվել է:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որի մշակումը պայմանավորված է COVID-19 համավարակով:

Փոխնախարարը պարզաբանել է, որ սեպտեմբերի 11-ից հետո նախատեսվում է չերկարացնել արտակարգ դրությունը, սակայն ակնկալվում է համավարակի դեմ պայքարն իրականացնել կարանտին հայտարարելու  միջոցով, որը կարող է սահմանվել մինչեւ վեց ամիս ժամկետով:

Նախագծերի ընդունմամբ կսահմանվեն վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման բնագավառում  բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները, վարակիչ հիվանդությունների` Հայաստանի տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների, համավարակների առաջացման դեպքում կարանտին սահմանելու, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված սահմանափակող միջոցառումներ սահմանելու, կիրառելու, ՀՀ տարածքում Միջազգային առողջապահական կանոնների պահանջներն ապահովվելու վերաբերյալ իրավակարգավորումներ: ՀՀ-ում վարակիչ հիվանդությունների առկայության բոլոր դեպքերում (բռնկումներ, համաճարակներ եւ այլն) կկիրառվեն օրենքով սահմանված  բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները:

Կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված միջոցառումների կատարման ապահովման պահանջները խախտելու համար նախատեսվում են շուրջ  11 տուգանքներ՝ համապատասխան չափերով:

Փոխնախարարը հայտնել է, որ փաթեթի ընդունմամբ հիմնականում պահպանվելու են արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների որոշ հատվածներ, էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով անձանց տեղորոշում եւ այդ կերպ վարակակիրների հայտնաբերում այլեւս չի կիրառվելու, այդ համակարգում առկա  տվյալներն էլ  ոչնչացվելու են:  Նախատեսված չէ նաեւ տնտեսական գործունեություն իրականացնող իրավաբանական անձնաց գործունեության սահմանափակում, սակայն տնտեսական գործունեություն իրականացնող կառույցում բացառիկ դեպքերում կարող է սահմանվել կարանտին՝ պայմանավորված  սանիտարահամաճարակային  իրավիճակով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վլադիմիր Վարդանյանը:

Ելույթներ են ունեցել մեկ տասնյակից ավելի պատգամավորներ: Հնչել են եւ նախաձեռնությունը դրական գնահատող, եւ քննադատող ելույթներ:  Որոշ պատգամավորներ քննադատել են ներկայացված փաթեթը՝ դրանում տեսնելով մարդու իրավունքների սահմանափակմանն ուղղված դրույթներ: Առաջարկվել  է  վերանայել այն:

Իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է խմբակցության ղեկավարը: Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ փաթեթն ունի հակասահմանադրական դրույթներ՝ կապված մարդու իրավունքների հետ: Նա առաջարկել է փաթեթից հանել  «կարանտին» սահմանումը, քանի որ այն խնդրահարույց է: Խմբակցության ղեկավարը  հայտնել է, որ դեմ են քվեարկելու փաթեթի ընդունմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Նաիրա Զոհրաբյանը: Նա տեղեկացրել է, որ իրենք եւս  դեմ են քվեարկելու փաթեթին:  Ըստ նրա՝ մինչեւ վեց ամսով կարանտինի սահմանումը բազմաթիվ խնդիրներ կարող է առաջացնել քաղաքացիների համար, մասնավորապես՝ երկրները չեն ցանկանա բացել Հայաստանի հետ օդային սահմանները:

«Իմ քայլը» խմբակցության դրական դիրքորոշումը ներկայացրել է Ռուբեն Ռուբինյանը: Նա անդրադարձել է գործընկեր խմբակցությունների հնչեցրած տեսակետներին՝ քննադատող պատգամավորներին հորդորելով ելույթներ ունենալ առավել կառուցողական դիրքորոշմամբ: Նա պարզաբանել է, որ երկրների միջեւ մուտքի եւ ելքի բացումը կամ փակումը պայմանավորված է ոչ թե ինչ-որ բառի առկայությամբ, այլ հակահամաճարակային իրավիճակով:

Եզրափակիչ ելույթներ են ունեցել Վլադիմիր Վարդանյանը եւ Ռաֆիկ Գրիգորյանը, որոնք անդրադարձել են պատգամավորների բարձրացրած հարցերին: Պարզաբանվել է, որ  փաթեթում չկա որեւէ դրույթ, որը կարող է խախտել մարդկանց իրավունքները: Ռաֆիկ Գրիգորյանը տուգանքների մասով իրազեկել է, որ նոր տուգանքներ չեն առաջարկվում. ըստ էության լինելու են այնպիսի տուգանքներ, որոնք եղել են նաեւ արտակարգ դրության ժամանակաշրջանում: Այլեւս չի գործելու պարետատունը,  քաղաքացիներն էլ պարտադիր կերպով շարունակելու են կրել դիմակներ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթը. կողմ է քվեարկել 80, դեմ՝ 28 պատգամավոր:

«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է առաջինից երկրորդ ընթերցում փաթեթում կատարված փոփոխությունները, հստակեցված հասկացությունները: Փոխնախարարի խոսքով՝ օրինագծերի ընդունումը միտված է պետությանն ընձեռել գործիքակազմով՝ երկարաժամկետ հատվածում պայքարելու համաճարակի դեմ՝ առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի: Գործադիրի ներկայացուցիչը նշել է, որ նախաձեռնության ընդունումից հետո պետք է պահպանել ՀՀ կառավարության եւ առողջապահության նախարարության սահմանած հակահամաճարակային կանոնները:

Նշենք, որ առաջարկներ են ներկայացրել պատգամավոր Նարեկ Զեյնալյանը եւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախաձեռնությանը: Ըստ պատգամավորի՝ առաջինից երկրորդ ընթերցում փաթեթում կատարված շտկումները չեն փոխել նախաձեռնության հիմնական փիլիսոփայությունը:

70 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: