Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մարտի 1-ի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները չեն մասնակցելու Մարտի 1-ի գործով դատավարությանը (տեսանյութ)

Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդները դադարեցնում են դատական նիստերին ֆիզիկական մասնակցությունը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը։

Իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների գնահատմամբ՝ պետության կողմից վարվող իրավական քաղաքականությունը ձախողման եզրին է հասցրել իրենց, իսկ եթե իրավիճակը շտկելու ուղղությամբ քայլեր չկատարվեն, հետևանքները վատ են լինելու։

Եգորյանի խոսքով՝ 2008 թ Մարտի 1-ի իրադարձությունների խորքային իրավական և քաղաքական անդրադարձ, գնահատական և  հետևողական բազմակողմանի գործընթաց չի իրականացվում

«Այժմ, երբ Մարտի 1-ի հիմնական գործով նախաքննությունն ըստ էության դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և դատարանի նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ, արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատարավորն իր իշխանությունը կարողանում է կարծես իրացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը: Մեր հետագա քայլերին կանդրադառնանք ըստ զարգացումների»,- ասաց Եգորյանը։

Եգորյանի կարծիքով, պետական մարմինների միջև արդյունավետ համագործակցության փոխարեն շատ դեպքերում ի հայտ են գալիս հակազդման կամ սաբոտաժի դրսևորումներ, ինչպես օրինակ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի և մի շարք այլ դեպքերում․

«Մինչ օրս որևէ կերպ չի դրսևորվում ո՛չ ոստիկանության, ո՛չ ԱԱԾ արդյունավետ համագործակցությունը  «Մարտի 1-ի» գործի քննության շրջանակներում, առանցքային ծառայողները կարծես արդյունավետորեն խուսափում են ցուցմունքներ տալուց, և այդ կապակցությամբ չկա որևէ արդյունավետ միջոց»:

Եգորյանի խոսքով՝ դատական համակարգը մաքրելու ուղղությամբ չկատարվեց ոչինչ, ինչից օգտվեցին առանձին ուժեր, մինչդեռ, ըստ փաստաբանի, «Մարտի 1-ի» գործերն այն լակմուսի թուղթն ն են, որոնք հանդիսանալու են դատական և իրավական բարեփոխումների ցուցիչ և հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշելու ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրական վիճակը, շարժման ուղղությունը։