Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հրապարակային տարաձայնություն Արայիկ Հարությունյանը և Արսեն Ջուլֆալակյանը չեն ունեցել. Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)

Գործող օրենսդրությամբ մեր բոլոր քաղաքացիները, ովքեր գտնվում են արտերկրում և քրեական հետախուզման մեջ են հայտնվել բանակում չծառայելու հետևանքով, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, ով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ շրջանառության մեջ է դրել օրենքի նոր նախագիծ, որով 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և քրեական հետախուզման մեջ են, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից:

Մխիթար Հայրապետյանն ասում է՝ այս խնդրով հարյուրավոր քաղաքացիների դիմումներ են ստացել սփյուռքից, ինչն էլ ստիպել է իրենց գտնել լուծում. Հայրապետյանն ասում է՝ օրենքի հիմքում ոչ թե ֆինանսական բաղադրիչն է, այլ պատասխանատվությունը վերականգնելու հարցը:

Ըստ առաջարկվող օրենքի՝ վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան:

Նախագծի հեղինակը նշեց նաև՝ փոխվել է վաղեմության ժամկետը. «Գործող օրենսդրության համաձայն՝ 37 տարին լրանալուն պես քրեական գործը կարճվում էր, այսուհետ այդ տարիքը կսահմանվի մինչև 47տարեկանը»:

Հայրապետյանի խոսքով՝ նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը դեռևս հայտնի չէ, առաջիկայում կքննարկեն: Նախագիծը վերաբերում է ՀՀ-ում հաշվառված բոլոր քաղաքացիներին:

«Խոսքը վերաբերում է մեր այն քաղաքացիներին, ովքեր եղել են հաշվառված, և հայտարարված է եղել քրեական հետապնդում»: Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելուն, Հայրապետյանն ասաց՝ հրապարակային տարաձայնություն Արայիկ Հարությունյանը և Արսեն Ջուլֆալակյանը չեն ունեցել: Հայրապետյանը վստահեցրեց՝ գործադիրի իրենց գործընկերների հետ վեճերը և տարաձայնությունները եղել են բացառապես գաղափարական.

«Հույս ունեմ, որ Արսեն Ջուլֆալակյանն իր որոշումը կփոխի: Նրա հեռացումը օրենսդիրից վնասում է թե՛ ոլորտին, թե՛ մեր հանձնաժողովին: նա եղել ու մնում է ոլորտի լավագույններից մեկը և փայլուն պատգամավոր: Որևէ մեկը չի շահելու, եթե պարոն Ջուլֆալակյանը վայր դնի մանդատը»:

Հայրապետյանն ասաց՝ հորդորել է գործընկերոջը փոխել որոշումը: «Ա1+»-ի հարցին, թե անձամբ ինչպես է վերաբերում Արայիկ Հարությունյանի գործունեությանը՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերը Հարությունյանի հրաժարականն են պահանջում, Հայրապետյանը նախ ասաց, որ Ծառուկյանին և ԲՀԿ մյուս պատգամավորներին հրավիրում է հրապարակային բանավեճի կրթական բարեփոխումների թեմայով, ապա հավելեց.

«Կրթական բարեփոխումները երբեք որևէ երկրում հեշտությամբ չեն տրվել, բնական է, որ լինում է աղմուկ, բայց շատ կարևոր է, որ մենք խոսենք բացառապես բովանդակության մասին: Շատ ուժեր փորձում են օգտվել իրավիճակից , որ մեր թիմը գնում է դժվարին ռեֆորմների ճանապարհով և թիրախավորել են գործընկերոջս: Արայիկ Հարությունյանն ունի մեր ֆրակցիայի լիակատար աջակցությունը, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի առողջ քննադատությունը լսելի լինի կառավարության համար»: