Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չի բացառվում, որ Արմեն Փամբուխչյանը մանդատը վայր կդնի․ Լիլիթ Մակունց (տեսանյութ)

Պարոն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հետ կապված՝ ինքը խնդրել է ավել մեկնաբանություններ չանել, եթե ինքը կարիք գտնի լրացուցիչ մեկնաբանելու, ապա ես իր փոխարեն չեմ անի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ խմբակցությունով հանդիպել են Ջուլֆալակյանին և քննարկել բոլոր հարցրերը։

«Խմբակցությունն անելու է այն, ինչին մենք հավատարիմ ենք՝ այնտեղ, որտեղ տեսնում ենք խնդիր, կառավարության գործընկերների հետ քննարկում ենք, հիմնավորումներով, համատեղ ջանքերով փորձում ենք գտնել լուծումներ։ Պարտադիր չի եղել, որ Ջուլֆալակյանը մանդատը վայր դնի։ Տվյալ պարագայում գործ ունենք աշխարհի չեմպիոնի հետ։ Հարգելով նրա որոշումը՝ չնայած ժամանակ կա, պետք է սպասենք, տեսնենք հետ կվերցնի իր դիմումը թե ոչ, մենք համաձայն չենք այդ քայլի հետ»,- ասաց Մակունցը։

Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ տարածված տեղեկատվությանը, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել, Մակունցն ասաց՝ պատգամավորներն իրենք կորոշեն՝ խորհրդատավական կարծիքը ինչպես կազդի իրենց որոշման վրա։

«Ա1+»-ի հարցին, թե մտահոգիչ չէ՞ արդյոք, որ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ չեն մասնակցելու քվեարկությանը, Մակունցն արձագանքեց․

«Մտահոգիչ է այն համատեքստում, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները որևէ մասնակցություն չեն ուզում ունենալ Սահմանադրական դատարանի նորացման գործընթացին»։

Դիտարկմանը, որ Հայաստանում կարանտինային ռեժիմ է սահմանվել, և արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու որոշումը տարակուսանքի առիթ է տվել, և հանրությունը չի հասկանում ՝ ո՞րն է տարբերությունը, Լիլիթ Մակունցն արձագանքեց՝ տարակուսելու որևէ հիմք կամ առիթ չկա։

«Համավարակի դեմ պայքարը դեռ շարունակվում է, և այո՛, արտակարգ դրությունը ենթադրում է ավելի խիստ սահմանափակումներ, քան արտակարգ իրավիճակը, և դրանից ելնելով, նաև մեր ընդդիմադիր գործընկերների առաջարկները լսելով՝ մենք փոխել ենք ռեժիմները։ Իհարկե, սա չի նշանակում, որ կանոնները խստորեն չպետք է պահպանվեն։ Բայց որոշակի մեղմացումներ կան, օրինակ, կսկսեն աշխատել մշակութային հաստատությունները։ Եվ քիչ-քիչ կաշխատենք խստացումները հանել, որպեսզի դեպքերի նվազման միտումը պահենք»։

Հարցին, թե արդյոք ճի՞շտ են շրջանառվող լուրերը, թե իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը մանդատը վայր կդնի և նոր պաշտոն կստանա գործադիրում, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ նման քննարկում եղել է, բայց դեռ պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել․

«Չի բացառվում, որ նա մանդատը վայր կդնի»։