Մարզահամերգային համալիրի դահլիճը կդառնա հարթակ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը՝ սեպտեմբերի 15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական՝ 15-րդ համերգաշրջանը։
«Մեր ամենակարևոր օրն է»,- ասում է նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու հավելում, որ ծրագրում պատահական չեն ընդգրկել Դվորժակի 9-րդ սիմֆոնիան։ Լավատեսական այս սիմֆոնիայի կատարումով ցանկանում են ասել, որ այս դժվարին ժամանակահատվածում կարողացել են հաղթահարել և առաջ գնալ։
Իսկ առանց մաեստրո Տիգրան Մանսուրյանի իրենց չեն պատկերացնում. ծրագրում կհնչի երեք հատված կոմպոզիտորի «Ձյունե թագուհի» բալետից։
Մաեստրո Մանսուրյանն էլ իր հերթին նշեց, որ սիրում է երիտասարդության հետ աշխատել, քանի որ նրանք վաղվա օրն են։
Պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մանրամասն, տպավորիչ թվերով ամփոփեց 14-րդ համերգաշրջանը` 51 համերգ, 17 անվանի մենակատար, 6 փառատոն, 56.000 հանդիսատես, կատարված 196 ստեղծագործություն, այդ թվում 105-ը՝ հայ կոմպոզիտորների գրչին պատկանող։ Նաև հյուրախաղեր և ձայնագրություններ։
Հետո ներկայացրեց հոբելյանական՝ 15-րդ համերգաշրջանի ծրագրերը։ Նախատեսում են 50 համերգ, երեք փառատոն, երկու հատուկ նախագիծ, երկու ձայնագրություն և երեք հյուրախաղ։ Նախատեսվում են Ղազարոս Սարյանի 100-ամյակին և Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին նվիրված երեկոներ։ Համերգային երեկո են նախատեսել նաև Աստոր Պիացոլլայի 100-ամյակին նվիրված։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը ընդգծեց, որ այսուհետ համալիրի հիանալի դահլիճը հարթակ է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար։
Ի դեպ, վաղվա համերգի համար տոմսեր կամ հրավիրատոմսեր նախատեսված չեն, իսկ տեղերը սահմանափակ են։ Համավարակով պայմանավորված՝ միայն 60 հանդիսատես կարող ենէ ներկա գտնվել դահլիճում։